Առանց ռուս խաղաղապահների ավելի հեշտ կլիներ շփումը Ղարաբաղի հայերի հետ․ Ալիև
Նմանատիպ
«Առանց ռուս խաղաղապահների ավելի հեշտ կլիներ շփվել «Ղարաբաղում հայերի» հետ»։
Euronews գործակալությանը տված հարցազրույցում նման միտք է հնչեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ինչ վերաբերում է «Ղարաբաղի հայերին», ապա ուզում եմ հիշեցնել, որ նրանց հետ մեր շփումները սկսվել են միանգամից։ Հիմնականում դրանք սովորական մարդկանց հետ շփումներ էին, երբ սկսեցինք կառուցել Լաչինի նոր ճանապարհը, որն անցնում էր մի քանի հայաբնակ գյուղերով։ Տեղեկացա, որ կապեր են հաստատվել մեր ճանապարհաշինարարների և հայերի միջև։ Նրանք անմիջապես սկսեցին «ընկերանալ»: Եթե շինարարության առաջին ամիսներին ռուս խաղաղապահներն ապահովում էին երկու կողմերի անվտանգությունը, ապա որոշ ժամանակ անց նրանք ուղղակի հեռացան, և առանց ռուս խաղաղապահների հեշտ էր շփվել։ Սա հուշում է, որ հասարակ մարդկանց մեծամասնության «սրտում ատելությունը չկա»,-ասել է Ալիևը:
Ըստ նրա՝ արցախահայությունը պետք է ընտրի՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ կամ հեռանալ:
Հիշեցնենք, որ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ Լաչինի միջանցքը գրեթե 8 ամիս ապօրինաբար արգելափակված է Ադրբեջանի կողմից, ինչի պատճառով անհնար է դարձել կենսական անհրաժեշտության բոլոր պարագաների ներմուծումը Արցախ։ Սա առաջացրել է օրեցօր ահագնացող հումանիտար ճգնաժամ, մարդիկ փաստացի ժամերով հացի հերթ են կանգնում, ոտնահարվում են Արցախում ապրող մարդկանց ազատ տեղաշարժի, կյանքի, առողջության և մյուս հիմնարար իրավունքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում