Բառերով աճպարարությունը լավ բանի չի հանգեցնի․ Զախարովան Փաշինյանին

Բառերով աճպարարությունը լավ բանի չի հանգեցնի․ Զախարովան Փաշինյանին

Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին Նիկոլ Փաշինյանի փաստարկները բացարձակապես անհասկանալի են, հատկապես ներկայիս ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի ֆոնին։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Արցախից ռուս խաղաղապահների դուրս բերման հիմքերի մասին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը, արձագանքելով տարածաշրջանից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, ասել էր հետևյալը․

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը նպատակ ունի կանխել բնակչության զանգվածային ջարդը։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, դա կնշանակի, որ նման վտանգ այլևս չկա։ Սա կնշանակի, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն արդյունավետ էր, եթե վտանգը շարունակվի, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է որոշում կայացնել խաղաղապահներին դուրս բերելու մասին»։ 

«Սա պարոն Փաշինյանի ցանկությո՞ւնն է․ հայտնի է, որ խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում, մի՞թե այդ գործունեությունն ավելորդ է, անցանկալի է Հայաստանի ղեկավարության տեսանկյունից, և արդյո՞ք նրանք ցանկանում են, որ այն վերանա։

Հայաստանի ղեկավարությունը հաճախ ոչ միանշանակ դիրքորոշում է ընդունում մի շարք առանցքային հարցերի շուրջ, սակայն ես կցանկանայի, որ այս հարցում երկիմաստություն չլիներ։ Իսկ ամեն ինչ կասկածի տակ դնելու փորձերը մեծ հարցեր են առաջացնում։ Եվ ընդհանրապես, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանականի տարածքային ամբողջականության մաս, ջանքերի բացակայության մասին Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ցանկացած պնդում կրկնակի անտեղի է թվում»,-հայտարարել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում