Կապանում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ
Նմանատիպ
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր բացվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ։ Բացման արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։
ՀՀ–ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ մտադիր են Հայաստանում 6 օպերատիվ հաբ ունենալ և արդեն մոտ են այդ պլանի իրականացմանը։ Նա նշել է, որ մինչև այս պահը երեք հաբ ունեին՝ Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում։ Առաջիկայում նոր հաբեր կբացվեն նաև Իջևանում և Եղեգնաձորում։
«Սյունիքում տեղակայված հաբերը շատ կարևոր են մեր առաքելության համար՝ հաշվի առնելով մարզի ռազմավարական դիրքը։ Սա թույլ կտա առաքելությանն ընդլայնել իր ներկայությունը Սյունիքի մարզում, ավելի պարբերական դարձնել դիտարկումները և մարզի անվտանգային իրավիճակի մասին զեկույցները։ Այս հաբը կկրճատի տարածությունն ու ժամանակը՝ մեր դիտարկման կետեր հասնելու համար։ Մինչ այս պահը մենք այս մարզը ծածկում էինք Գորիսում գտնվող մեր դիտորդական թիմով»,- ասել է Ռիտերը։
Նա հույս է հայտնել, որ Կապանի հաբի բացումը դրական կանդրադառնա խաղաղության գործընթացի վրա, որի ուղղությամբ ջանքեր է գործադրում ԵՄ–ն, ինչպես նաև կբարձրացնի անվտանգության զգացումը Սյունիքի մարզի բնակչության մոտ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր հերթին նշել է, որ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում