Ռուսաստանի առաջնորդն օգոստոսին կայցելի Թուրքիա
Նմանատիպ
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հանդիպել Թուրքիայում` քննարկելու երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Այս մասին Ստամբուլի Քերեմ Այդընլար մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա մասնավորապես ասել է. «Մեր արտաքին գործերի նախարարը, մեր Ազգային հետախուզական գործակալությունը այս առնչությամբ անհրաժեշտ բանակցություններ են վարում։ Այս այցը տեղի կունենա օգոստոսին։ Մենք Ռուսաստանի հետ միասին մտածում ենք հացահատիկի միջանցքի մասին։ Հացահատիկ ենք ուղարկում Աֆրիկայի աղքատ երկրներին»։
Էրդողանը Պուտինի հետ զրույցում Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունն անվանել է «խաղաղության կամուրջ» եւ ընդգծել, որ դրա երկարաժամկետ կասեցումը ոչ ոքի օգուտ չի բերի։ Թուրքիայի ղեկավարը նշել է նաև, որ իր երկիրը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել և օգտագործել դիվանագիտությունը՝ ընդլայնելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը։
Ռուսական կողմն այս նախաձեռնության վերաբերյալ ասել է, որ եթե իրենց երաշխիքներ տրվեն այդ խոստումների կատարման համար, Մոսկվան անմիջապես կվերադառնա գործարքին։ Անցյալ ամիս Մոսկվան դուրս եկավ համաձայնագրից, քանի որ միջազգային հանրությունը չկարողացավ կատարել գործարքի՝ Ռուսաստանի վերաբերող մասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում