Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է Արցախի հարցով արտակարգ նիստ գումարել
Նմանատիպ
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար ճգնաժամի խնդրով ԱԽ արտակարգ նիստ գումարվի։
«Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»,- ասված է Հայաստանի դիմումի մեջ։
Նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակ է ուղղել ՄԱԿ ԱԽ նախագահին, որտեղ նշվում է, որ մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է թերսնման պայմաններում գոյատևելու համար: Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններով, մնացել են գրեթե առանց որևէ դեղամիջոցի։ Այս իրավիճակի արդյունքում արձանագրվել է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունների աճ։
Մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է եղանակային պայմաններին և նշել, որ շոգ եղանակային պայմանները և ախտահանող միջոցների և դեղամիջոցների բացակայությունը տարածաշրջանում համաճարակների վտանգ են ստեղծում։
Նամակը եզրափակվել է հետևյալ եզրակացությամբ. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում