Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկ

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկ

Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները»,– ասել է Փաշինյանը։

Նշենք` օգոստոսի 15-ին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ սեպտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպումներ են սպասվում։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում