Սա «ոչ բարեկամական քայլ» էր ՌԴ նախագահի նկատմամբ․ Վորոբյով
Նմանատիպ
Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը չի ոչնչացնի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։
Սակայն նման որոշումը ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ընդգծել է Վորոբյովը Telegram-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին կայացած նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։
«Վստահ եմ, որ ոչ մի ուժ չի կարողանա քանդել ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- գրել է Վորոբյովը։
Միաժամանակ նա նշել է, որ այս որոշումն ընկալվում է որպես «ոչ բարեկամական քայլ» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
«Հայ խորհրդարանականների որոշումը ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- եզրափակել է պատգամավորը։
Նշենք, որ Ազգային ժողովի կողմից փաստաթուղթը վավերացնելուց հետո այն պետք է ստորագրվի երկրի նախագահի կողմից և ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո։
Հիշեցնենք նաև՝ ՄՔԴ-ի նախաքննական պալատը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, մարտին ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում