Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստը, որը հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաքում:
«Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտնել է, որ մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»,- ասված է հաղորդագրությունում։
Առաջնորդները պայմանավորվել են պահպանել մշտական շփումներն ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները։
Հիշեցնենք` ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում