ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերվող խնդիրները։

Ինչպես հայտնում են պաշտպանի գրասենյակից, դրանք վեր են հանվել անձամբ ՄԻՊ–ի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում։

«Բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։

Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար և վերահաստատել պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում