Ամերիկյան ATACMS հեռահար հրթիռները գաղտնի հասցվել են Ուկրաինա. The Wall Street Journal

Ամերիկյան ATACMS հեռահար հրթիռները գաղտնի հասցվել են Ուկրաինա. The Wall Street Journal

Ուկրաինա գաղտնի մի քանի ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներ են հասցվել։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ ATACMS-ներն արդեն Ուկրաինայում են։ Նրա խոսքով՝ դրանք օգտագործվել են Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքին հարված հասցնելու փորձի ժամանակ։ Ավելի ուշ Politico թերթը նաև հայտնել էր, որ Ուկրաինայի ԶՈւ-ն այսօր առաջին անգամ այդ հրթիռներն արձակել է ռուսական թիրախների ուղղությամբ։

Նախորդ գիշեր քաղաքում գործել են ՀՕՊ համակարգերը։ Հայտնել են մի քանի պայթյունների մասին, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան պաշտոնական ալիքում հաստատել է ԱՄՆ-ի կողմից ATACMS-ների ստացումը։ «Այսօր մեծ երախտագիտություն ենք հայտնում Միացյալ Նահանգներին։ Նախագահ Բայդենի հետ մեր պայմանավորվածությունները կատարվում են։ Բավական դիպուկ են կատարվում, ATACMS-ներն իրենց ցույց տվեցին», – հայտարարել է նա։

Այդ թեմային անդրադարձել է նաև CNN-ը, որը տեղեկություն է տարածել այն մասին, որ զինամթերքը գաղտնի է փոխանցվել, որպեսզի Ռուսաստանը չհասցնի սարքավորումներն ու սպառազինությունը տեղափոխել դրանց հասանելիության գոտուց դուրս։ New York Times թերթն իր հերթին, պաշտոնյաներին հղում անելով, հայտնել էր, որ մատակարարված MGM-140 ATACMS հրթիռները կասետային զինամթերք են պարունակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում