Ինչո՞ւ է Էրդողանը դուրս եկել Արևմուտքի դեմ. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը
Նմանատիպ
Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում օրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։
Ռեջեփ Էրդողանը մեղադրել է Արևմուտքին և ՄԱԿ-ին
Ռեջեփ Էրդողանը մեղադրել է Արևմուտքին տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ջանքերը խաթարելու մեջ, ՄԱԿ-ը անվանեց անարդյունավետ կազմակերպություն, իսկ արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները՝ կողմնակալ և կեղծավոր: Նա ընդգծել է, որ Արևմտյան երկրները, որոնք քարը քարի վրա չեն թողնում մարդու իրավունքների և ազատությունների հարցում, կրակի վրա յուղ լցնելուց բացի այլ քայլ չեն ձեռնարկել։ Նախագահ Էրդողանը հավելել է, որ նրանք, ովքեր հոկտեմբերի 7-ից հետո արած իրենց հայտարարություններով կրակի վրա յուղ լցրին, նույն պատասխանատվությունն են կրում, ինչ երեկվա սպանդի հեղինակները։
Թուրքիայում լայնածավալ հակաիսրայելական ցույցեր են ընթանում
Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան մասին լուրերից հետո տարբեր քաղաքներում հազարավոր թուրք բնակիչներ գնացել են Իսրայելի դեսպանատան և հյուպատոսությունների մոտ։Ստամբուլում ցուցարարները պահանջում էին բացել հումանիտար միջանցքները դեպի Գազա և նույնիսկ թուրքական զորքեր տեղադրել այնտեղ պաղեստինցիներին օգնելու համար։Ցուցարարներն անգամ կրակել են Իսրայելի դեսպանատան շենքի վրա և փորձել գրոհել այն։
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Թուրքիան
Թուրքիայի Նախագահ Էրդողանի՝ հիվանդանոցին հասցված ռմբակոծման մեջ Իսրայելին մեղադրող հայտարարությունից հետո Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել իր քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ լքել Թուրքիան։
«Իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան»,- ասվում է իսրայելական կողմի հաղորդագրության մեջ։
Մոսկվան Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթը համարում է սադրիչ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը։
«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ»,– ասել է աղբյուրը։
ԼՂ հայաթափումը ի ցույց դրեց միջազգային համակարգի մեծ բացերը. Միրզոյան
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը հերթական անգամ ի ցույց դրեց նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում։
Միրզոյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման կապակցությամբ անհրաժեշտ է հստակ ու հասցեական արձագանք։
Ուսանողուհու կյանքը փրկել չի հաջողվել
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ուսանողները հեռուստաընկերություններից մեկում պրակտիկ դասընթացից հետո դուրս գալիս են եղել, և աղջիկը միանգամից թուլացել է՝ ասելով, որ շունչը կտրվում է:
Կրակոցներ՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր
Հոկտեմբերի 18-ին, Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի վայրում հայտանբերվել են մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:
«Ականատես եղա Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների բռնազավթմանը». ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան
ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, այցելելով Ջերմուկ, այնտեղ արձանագրել է հայկական տարածքներում ադրբեջանական ուժերի առկայությունը։ Այս մասին դեսպանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների շարունակական բռնազավթմանը»,– գրել է Օլիվիե Դըկոտինյին։ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ջերմուկ է մեկնել ՀՀ–ում Եվրոպական միության առաքելության հետ միասին։
ԱՄՆ-ի հարաբերությունները Մերձավոր Արևելքի հետ կարող են վերջնական խզվել
ԱՄՆ-ը կորցնում է իր «բարոյական գերազանցությունը» Մերձավոր Արևելքում, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վերջնական խզման։ Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավանաբար ակնարկել է, որ եթե Իրանը ներքաշվի ներկա պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ, ամերիկյան իշխանությունները չեն ցանկանա առճակատման մեջ մտնել Իսլամական Հանրապետության հետ։ Եվ հենց դա կարող է պատճառ դառնալ, որ ԱՄՆ-ը դուրս գա Մերձավոր Արևելքի տարածաշրջանից։
Իրանը ՀՀ–ին առաջարկել է դիտարկել տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը
Իրանական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որում ներկայացված կլինի իրանական գիտելիքահենք արտադրանքը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի հետ հանդիպմանն այդ մասին ասել է ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալի աշխատակազմի՝ տեխնիկական արտահանման ծառայությունների միջանցքի (Tech Export Services Corridor) ղեկավար Ռազիե Քոհանսալը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում