Էլեկտրաշարժիչով մեքենաները կազատվեն ԱԱՀ–ից

Էլեկտրաշարժիչով մեքենաները կազատվեն ԱԱՀ–ից

Էլեկտրաշարժիչով մեքենաները, որոնց տարիքը չի գերազանցի 5 տարին, ևս 1 տարով կազատվեն ԱԱՀ–ից։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծին։

Էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը ԱԱՀ–ից ազատված էին մինչև 2024 թվականի հունվարի 1–ը։

«Այժմ այդ մեքենաների վրա դրել ենք լրացուցիչ սահմանափակում` ԱԱՀ–ից ազատումը կկիրառվի էլեկտրաշարժիչով այն մեքենաների վրա, որոնց տարիքը չի գերազանցի 5 տարին»,– ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը հիշեցրել է, որ էլեկտրաշարժիչով մեքենաների ներմուծման համար ԵԱՏՄ որոշմամբ ՀՀ–ին 2022թ.-ի համար սահմանվել էր 7000 քվոտա, 2023թ-ի. համար` 8000։ 2022թ.-ին ՀՀ է ներմուծվել 3455 էլեկտրաշարժիչով մեքենա, իսկ 2023թ.–ին` 4195, որը, ըստ Քերոբյանի, 20 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։

Նրա խոսքով` ԱԱՀ–ից և մաքսատուրքից ազատման շնորհիվ էլեկտրական շարժիչով մեքենաների թիվը մեր երկրում ավելացել է։ Քերոբյանը տեղեկացրել է, որ 2024 և 2025թթ.-ի համար ԵԱՏՄ–ում քննարկվում է տրամադրել էլեկտրաշարժիչով մեքենաների 8000–ական քվոտա։

Նախարարի ունեցած տվյալներով` էլեկտրաշարժիչով մեքենաների թիվը ՀՀ ընդհանուր ավտոշուկայում կազմում է 1-2 տոկոսը։

«Մենք բոլոր մեր այս քայլերն անում ենք, որպեսզի մեր երկրում խթանենք այս մեքենաների հնարավոր, պոտենցիալ արտադրութունը։ Մենք հիմա ունենք բավականին ծեր ավտոպարկ, որը պետք է փոխենք։ Մեզ մոտ շահագործվող մեքենաների միջին տարիքը 20 տարվա վաղեմության է։ Մեր այս նոր` 5 տարվա վաղեմության սահմանափակումը նաև կանխարգելող քայլ կլինի, որ ծեր ավտոպարկ չհավաքվի»,– ընդգծել է նախարարը։

Ըստ նրա` հիմա որոշակի քննարկումներ են ընթանում ՀԷՑ–ի և լիցքավորման կայանների ղեկավարության միջև, թե ինչպես կարող են իրականացնել էլեկտրաշարժիչով մեքենաների լիցքավորման գործընթացը։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած այս նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում միաձայն հավանության է արժանացել և քննարկման ներկայացվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում