Վրաստանը հաստատել է ֆրանսիական զրահատեխնիկայի տարանցումը Հայաստան
Նմանատիպ
APM Terminals Poti-ն, որը շահագործում է Վրաստանի Փոթի նավահանգիստը, հաստատել է ֆրանսիական «Բաստիոն» զրահափոխադրիչների տարանցումը դեպի Հայաստան։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հաղորդել են վրացական լրատվական ծառայությունները։
«Կոնկրետ այս դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից, և ուղարկվել է Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների ենթակա չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն զրկված է պատժամիջոցների տակ չգտնվող երկրների համար բեռների ընդունումից հրաժարվելու հնարավորությունից»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին «Բաստիոն» զրահատեխնիկայի լուսանկարները։ Նշվել է, որ նկարներն արվել են Փոթի նավահանգստում, իսկ զրահատեխնիկայի վերջնական նպատակակետը Հայաստանն է։
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Փարիզի կողմից Անդրկովկասյան հանրապետություն ուղարկված «Բաստիոն» զրահամեքենաները ժամանակին պետք է համալրեին ուկրաինական բանակը, սակայն դրանցից Ուկրաինայում հրաժարվել են հրետանային կրակից վատ պաշտպանության պատճառով։
Հիշեցնենք, որ դեռևս անցած շաբաթ լրատվամիջոցները գրում էին ֆրանսիական արտադրության զրահատեխնիկայի Հայաստան գալու մասին, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձեռնպահ մնաց մատակարարումների վերաբերյալ մեկնաբանություններից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում