Չնայած ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, խաղաղությունը մոտ է. Միրզոյան
Նմանատիպ
Հայաստանը կուսումնասիրի Ադրբեջանի հերթական առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ և պատշաճ կարգով կարձագանքի այդ առաջարկներին։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա վստահեցրել է, որ չնայած բազմաթիվ խոչընդոտներին և բարդություններին` խաղաղություն հաստատելու հնարավորություն այս պահին իսկապես կա։
«Չնայած ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանմանը, ատելության խոսքին , ագրեսիվ հռետորաբանությանը, իսկապես մենք այդ հնարավորությունը տեսնում ենք»,- ասել է նա։
Արարատ Միրզոյանը ասել է, որ ՀՀ կառավարություն ամեն ինչ անում է, որ այս գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, բայց հավելել է, որ մի պետություն միայնակ չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել։
«Մեր կառուցողականությանը զուգահեռ մենք կարիք ունենք նաև Ադրբեջանի կառուցողական մոտեցմանը։ Մենք դրական ազդակներ արդեն տեսնում ենք, ինչպես, օրինակ, վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը խոսել է նաև ադրբեջանական կողմի բացասական ազդակների մասին` առանձնացնելով պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերը, կոչերն ու բանակցություններում բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը։
Նա հույս հայտնել է, որ կառուցողականությունը կհաղթի և երկարատև ու իրական խաղաղության պայմանագիրն իրականություն կդառնա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում