Իշխանությունները պատրաստվում են հարկել գյուղացիներին և խլել «Գնթունիքը»․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, իշխանությունները պատրաստվում են հարկել գյուղացիներին, նշելով, որ «ոչ մի կիլոգրամ կարտոֆիլ չի պլստալու»․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ համարում դիտարկել էինք արտաքին-քաղաքական ոլորտում վերջին տարիներին Փաշինյանի նախաձեռնած ու նրա իշխանության կողմից ձեռնարկված «փորձարարության» մի քանի օրինակ: «Փորձեր», որ ոչ միայն դարձան, այլև շարունակում են ամենաիսկական փորձանք դառնալ երկրի ու ժողովրդի գլխին: Բայց, բնականաբար, տոքսիկ «փորձարարությունները» միայն արտաքին-քաղաքական ճակատում չէ, որ դրսևորվել են: Եթե կուզեք, 2020-ին պարտության բերած շոկը կամ հոգեցունց վիճակը հասարակության մեջ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ շատերը կարծում էին, թե «թավշահեղափոխական» ավերածություններն անցել են բանակի կողքով, իսկ Հայոց բանակն էլ առաջվանն է:
Այնինչ, պարզվեց, որ «թավշահեղափոխական» որոմն ամենից առաջ ախտահարել է հենց բանակը: Այստեղ մի վերապահում ենք ուզում անել, ինչը մեզ անխոս պարտադրում են 2020-ի պատերազմում ու դրան հաջորդած մարտական ընդհարումների ժամանակ զոհված մեր զինվորականների անմար հոգիներն ու նրանց հիշատակի հանդեպ մեր հարգանքն ու խոնարհումը: Ասելով՝ «բանակն առաջվանը չէր», բնականաբար, նկատի չունենք մեր զինվորների, սպաների անձնուրաց նվիրումն ու խիզախությունը, որ խափանեցին մի քանի օրվա մեջ Արցախը վերացնելու թշնամական դավադիր մտմտուքները: Բայց տասնամյակներով, լավագույն հայորդիների կյանքի ու նվիրման գնով ձևավորված մեր բանակը Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը որոշակիորեն եթե չէին ու չեն քայքայել, ապա առնվազն որոշակիորեն խարխլել էին ու շարունակում են ընթանալ այդ ուղղությամբ:
Պայմանականորեն, որպես բանակաքանդման «առաջին ծիծեռնակ», կարելի է համարել խաղաղապահ գումարտակի մի ստորաբաժանման զինծառայողների՝ «թավշահեղափոխական» հարայ-հրոցուն միանալը: Դա զինվորականների կողմից ուղղակիորեն քաղաքական պրոցեսին մասնակցելու դրսևորում էր, ծառայողական, կարգապահական լրջագույն խախտում, որի համար, որքան հայտնի է, որևէ պատիժ կամ պատասխանատվության ենթարկելու որոշում չեղավ: Համենայն դեպս, հանրությանը հայտնի չդարձավ: Հետո հարավում տեղակայված զորամասերից մեկում էլի խայտառակ միջադեպ գրանցվեց: Դա առաջին ահազանգերից մեկն էր, որ բանակում խարխլվել է կարգապահությունը: Մինչդեռ, բանակի համար կարգապահությունն անկյունաքարային գործոն է: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:
Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, սկսեց արագ-արագ փոխել բանակի, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներին, հրամանատարներին: Բավական է ասել, որ 2018-2020 թթ. միջակայքում Հայոց բանակի ամենից մարտունակ ու կարևոր խոշոր կառույցը՝ Արցախի պաշտպանության բանակը, 3 հրամանատար է փոխել. Լևոն Մնացականյանը, Փաշինյանի քմահաճույքով, պաշտոնանկ արվեց 2018-ի դեկտեմբերին, նրան փոխարինած Կարեն Աբրահամյանը պաշտոնավարեց 1 տարի, որից հետո 2020-ի փետրվարին ՊԲ հրամանատար նշանակվեց Ջալալ Հարությունյանը: Գիտե՞ք ինչ, եթե ցանկանում եք, որ որևէ համակարգ կամ այդ համակարգի որևէ ստորաբաժանում թուլանա ու քայքայվի, ապա որքան հնարավոր է՝ հաճախակի փոխեք դրա ղեկավարներին: Առավել ևս՝ բանակում նման հաճախակի փոփոխությունները երբեք ու ոչ մի պարագայում որևէ դրական բանի չեն կարող հանգեցնել: Ու ասվածի ամենից բացահայտ վկայությունը բոլորիս հայտնի հետևանքներն են: Իսկ եթե նկատի ունենանք, որ նույնքան հաճախակի փոխվել են նաև առանձին մարտական ստորաբաժանումների հրամանատարներ, ապա պատկերը կամբողջանա:
Ուղիղ բանակի հետ կապ չունի, բայց նույնն է կատարվել նաև ազգային անվտանգության համակարգում: Ահավասիկ, «փորձարարություն», որ փորձանքի գին ունեցավ: Գուցե ինչ-որ մեկը դա անվանի «բարեփոխում», բայց, մեր կարծիքով, ավելի տեղին է «կազմաքանդում» բնորոշումը: Մեկ այլ «փորձարարություն». իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ Արցախի ազատամարտի հայտնի դեմքերի, հերոսների անվանարկմանը և հետապնդմանը: Եթե նախկինում դա դրսևորվում էր միայն նրա ընտանեկան թերթի էջերում, ապա 2018-ից սկսած այդ վայրագ հակաքարոզչությունը ստացավ համակարգված պետական քաղաքականության բնույթ: Ավելին, Փաշինյանը քարոզչական հնարքներով հանրային գիտակցության մեջ մեխեց համոզմունք, որ բանակը նախկինում թալանվել է, զինվորները համատարած եղել են սովալլուկ, պատառոտված հանդերձանքով, բացառապես տնից ուղարկված «հացուպանրի», «մայկատրուսիկի» հույսին, 3 հոգով միայն 1 հրացան են ունեցել, այն էլ՝ չկրակող և այլն:
Փոխարենը Փաշինյանն սկսեց «փիարվել»՝ որպես բանակային ճաշարաններ «կոտլետ ու կլուբնիկ» ներմուծող: Հասարակության մի մասը հիվանդագին սևեռում ունեցավ զինվորական ճաշարանի ճաշացանկի վրա՝ իրեն հաշիվ չտալով, որ դա «կամուֆլ յաժով ռեստորան» չէ, այլ բանակ է: Համատարած մոռացան, որ բանակում կարևորը «կլուբնիկը» չի, այլ զինվորի մարտական, հոգեբանական ու ռազմահայրենասիրական պատրաստվածությունը: Ու մեկ էլ, հո՛պ, պարզվում է, որ «կլուբնիկով» փիարվող Փաշինյանի իշխանությունը հիմա չի կարողանում (թե՞ չի ուզում) քիչ թե շատ ընկալելի զորանոցային պայմաններ ապահովել զինվորականների համար: Շարունակենք: Իրական սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու փոխարեն՝ գերազանցապես «փիառ» ակցիաներ էին անցկացվում. պետք էր ՀԹՊ ժամանակակից միջոցներ ձեռք բերել, օդանավ էին գնում, վերջում էլ ասում, թե՝ հրթիռները չեն առել, «Իսկանդերն» էլ, գիտեք, «10 տոկոսով պայթեց»: Թե ում ձեռքերում էր պատերազմի «ղեկը»՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե փորձառու սպաների փոխարեն ովքեր հայտնվեցին որոշում կայացնողների շարքում, արդեն այլ թեմա է, որն ամփոփելու է գալիս վերը նշվածը: Պատերազմից հետո վիճակն ավելի վատացավ: Բանակը Նիկոլ Փաշինյանի համար դարձավ հարմար քավության նոխազ:
Ձախողումների ու խայտառակ տապալումների համար նա սկսեց մեղադրել, այո, բանակին, էլ՝ դավաճանություն, էլ՝ «զանգվածային դասալքություն», էլ՝ որը հիշեցնես, ինչը՝ չհիշեցնես: Ավելի վատ. բանակը դրվեց մի վիճակի մեջ, երբ ուղղակիորեն մեր երկիր մտնող թշնամու վրա արգելվեց կրակ բացել: Իսկ վերջերս էլ այդ խայտառակությունը հասավ գագաթնակետին, երբ թշնամու առաջ խեղճացածի տոնով ու պահվածքով հայտարարեցին, թե կքննեն թշնամու վրա կրակ բացած զինվորի հարցն ու կպատժեն դրա համար: Եթե բոլոր նախորդ իշխանությունները, անկախ ամեն ինչից, մշտապես ուշադրության կենտրոնում են պահել բանակաշինության խնդիրը, ապա Փաշինյանի իշխանությունը, ի լրումն ամենի, բանակաքանդման վրա է կենտրոնացած: Մինչդեռ, եթե պետությունն ունի հենասյուն, ապա դա ամենից առաջ իր բանակն է:
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դիմում են գրում, հեռանում: Երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ Արշակ Վարդանյանը, սեփական դիմումի համաձայն, ավարտեց դատավորի կարիերան:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հաջորդ դատավորը, որը աշխատանքից ազատման դիմում կգրի սեփական նախաձեռնությամբ եւ կհեռանա դատական համակարգից, Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանն է: Ավելին՝ լուրեր կան, որ, բացի ազատումից, նրա նկատմամբ այլ գործընթացներ կսկսվեն: Ի՞նչ է կատարվում դատական համակարգում. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրագրությունը քաղաքական իշխանություններին հասցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որն իշխանություների «սրտի» դատավորն է, ու ամեն գնով ցանկանում են նրան տանել ԲԴԽ՝ որպես դատավոր անդամ:
Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի: ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Սակայն, իրականում Կարեն Անդրեասյանը ոչ թե պաշտպանում է դատավորների անկախությունը, այլ հենց նա է տարբեր ճանապարհով դատավորներին ճնշողներից մեկը»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, այսպես կոչված, «խոպանչիների հարկի» մասով իշխանությունները «զադնի» են դրել և համապատասխան նախագիծ են ներկայացնելու հանրային քննարկման: Եվ ահա, հայտնի դարձավ, որ շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով «խոպանչիների»՝ դրսում ստացած եկամուտները չեն համարվի եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե հաշվետու տարվա ընթացքում նրանց ստացած եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։
Ըստ էության, սա փաստացի «թոզփչոցի» է, քանի որ նախ՝ այս պայմանը կիրառվելու է միայն 2020-2023 թվականների համար, երկրորդ, մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները հստակ որոշում ունեն լիարժեք կիրառել օրենքի դրույթը, համաձայն որի, «դրսում» աշխատածները Հայաստանում վճարելու են տվյալ երկրում վճարած եկամտահարկի ու մեր երկրում գործող հարկային տոկոսադրույքի տարբերությունը: Պարզապես, հաշվի առնելով, որ առաջիկայում սպասվում են «կարևոր» իրադարձություններ, այդ թվում՝ նոր Սահմանադրության ընդունում, ընտրություններ (չի բացառվում նաև արտահերթ), այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրում և այլն, զայրույթի նոր օջախներ չստեղծելու համար թեման առժամանակ «սառեցվել» է: Սակայն հարմար պահի վերադառնալու են խնդրին:
Ավելին, մեր տեղեկություններով, իշխանությունները մշակում են այնպիսի փոփոխություններ, որոնք հարկային դաշտ կբերեն նաև գյուղատնտեսությունը: Այսինքն, ինչպես կառավարության կուլիսներում են կես կատակ-կես լուրջ նշում, «ոչ մի կիլոգրամ կարտոֆիլ չի պլստալու», այն է՝ գյուղմթերք արտադրողներն իրենց աճեցրած ամեն կիլոգրամ բերքի համար հարկ են վճարելու: Սակայն վերոնշյալ պատճառներով առայժմ դա ևս չեն հրապարակայնացնում:
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ինչպես Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտի դեպքում Հայաստանին սպասվող վտանգներն ու արտոնությունները, այնպես էլ պետության անվտանգային այլ հարցեր։
Հանդիպման սկզբում ֆինանսների փոխնախարարներից մեկը ծավալուն հաշվետվություն է ներկայացրել պատգամավորներին՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության վերաբերյալ, եւ գնահատել, թե ՌԴ-ից ԵՄ-ի գիրկն անցնելու արդյունքում ինչ տնտեսական ռիսկեր են մեզ սպառնում, այսինքն՝ արտաքին քաղաքականությունը «դիվերսիֆիկացնելն» ինչ հետեւանքների կհանգեցնի։ Գրիգորյանն ընդունել է, որ ՀՀ-ն պորտալարով կապված է ՌԴ-ի հետ, եւ իր բացասական կարծիքն է հայտնել կտրուկ քայլերի հարցում, որի արդյունքում կարող են թե՛ Վերին Լարսը փակել հայ բեռնափոխադրողների առջեւ, թե՛ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծել: Այն հարցերին, թե Արեւմուտքը պատրա՞ստ է «դիվերսիֆիկացնել» մեր խնդիրները, Գրիգորյանն ասել է, որ նման պատրաստակամություն չեն հայտնել։
Արմեն Գրիգորյանի պատասխաններից ՔՊ-ում տպավորություն են ստացել, որ ԱԽՔ-ը ոչ միայն կողմ չէ Հայաստանի՝ ԵՄ հայտին, այլև ճիշտ հակառակը՝ արևմտամետ պաշտոնյան դեմ է և ՔՊ-ականներին ոչ թե համոզել է, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ հոռետեսական պատասխաններով կասկածներ է առաջացրել նրանց մոտ։
Ասել է նաեւ, որ առաջիկայում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՌԴ-ի դեմ այլ քայլեր չեն նախատեսում, սակայն պնդել է, որ ՌԴ-ի դեմ ՀՀ իշխանությունների հայտարարությունները տալիս են իրենց արդյունքը: Օրինակ, նախօրեին Լավրովը հեռախոսազանգ է արել Արարատ Միրզոյանին` «քննարկել են տարածաշրջանային հարցեր»։
Եվ դա սկսվել է իր` Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ ասաց` «Զվարթնոցից» պետք է հեռացնել ռուս սահմանապահներին: Սակայն նշել է, որ Հայաստանն այս հարցում վճռական է տրամադրված եւ ՌԴ-ին տեղյակ է պահել պաշտոնական նամակով»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, եւ իշխանությունները, պատերազմին պատրաստվելու փոխարեն, առավել լուրջ գործով են զբաղված. պատրաստվում են փոխել ՀՀ զինված ուժերի ծառայողների համազգեստի ձեւը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Եվրոպայի, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հետ ծավալվող եւ նոր զարգացող հարաբերությունների շրջանակում փորձում է, որպես ռազմական աջակցություն, փոխել հայոց բանակի զինծառայողների համազգեստը։
Պատճառն այն է, որ երկար ժամանակ է, ինչ ՊԲ համազգեստները չեն փոխվել, եւ դրանք դարձել են հեշտ հասանելի յուրաքանչյուրի համար։
Պաշտպանության բանակի համազգեստի փոփոխման համար ներդրվելու է ֆրանսիական մոդելը, որը, ըստ որոշ լուրերի, նման չի լինելու նախկին համազգեստին եւ՛ արտաքնապես, եւ՛ որակապես։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե ինչ է քննարկվում ՊՆ համազգեստների փոփոխման վերաբերյալ ֆրանսիական կողմի հետ, եւ ինչ գործընթացներ են իրականացվել։
Պաշտպանության նախարարությունից մեզ պատասխանել են. «Դեռեւս շարունակվում են գործընկեր երկրների դաշտային համազգեստների ուսումնասիրման աշխատանքները։ Ուսումնասիրման արդյունքում ընտրված նմուշի ձեռք բերման նպատակով օրենքով սահմանված ընթացակարգով կհայտարարվի մրցույթ։ Մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերին կից ժամանակացույցով մատակարարվելիք խմբաքանակներից հնարավոր կլինի հատկացնել ՀՀ ԶՈՒ անձնակազմին»։
Ստացվում է, որ նպատակը կա, սակայն վերջնարդյունքը հեռու ապագայում դեռ հորիզոնում չի երեւում»:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ «Գնթունիքի» սեփականատերը, ըստ լուրերի, ջերմ հարաբերություններ է հաստատել իշխանության, մասնավորապես մարզի ՔՊ-ականների հետ եւ այցերի ժամանակ էլ ջերմ ընդունելություն է կազմակերպում Փաշինյանի համար, սակայն իշխանությունը չի մոռանում նրա ընդդիմադիր եւ նախկին լինելը: Դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի անվան տակ ուզում է նրանից խլել մի շարք գույքեր, այդ թվում՝ կայացած «Գնթունիքի» բիզնեսը։
Եղիազարյանի եւ նրա կնոջ նկատմամբ վարույթ կա, որի շրջանակներում ուզում են բռնագանձել «Գնթունիքի» 100 տոկոս բաժնեմասը, նաեւ մի շարք անշարժ եւ շարժական գույք։
Եղիազարյանի նկատմամբ նաեւ քրեական գործ կա` ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման եւ հափշտակության մեղադրանքով: Վերջին ամիսներին նաեւ ստուգումներ են անում համայնքապետի ընտանիքին պատկանող բիզնեսներում եւ տուգանում»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում