Բաքուն չի աջակցում Երևանի՝ Հարավային Կովկասում ԵՄ դիտորդական առաքելության հրավերը․ Պեսկով
Նմանատիպ
Բաքուն չի աջակցում Երևանի՝ Հարավային Կովկասում ԵՄ դիտորդական առաքելության հրավերը: Այդ հանգամանքը նշանակում է, որ կասկածի տակ է դրվում առաքելության արդյունավետությունը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մարտի 20-ին, ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի որոշմամբ` մշտական հիմունքներով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պաշտոնապես տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ, 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր տեղակայված ժամանակավոր հիմունքներով։
Ըստ համաձայնագրի` դիտորդներն ունեն գրեթե դիվանագիտական կարգավիճակ։ Նրանք և նրանց գույքը ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում