Իշխանության ներսում ճաքեր են առաջացել․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Որքան էլ իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր նշանակումների մասին, այդ թվում՝ իր խորհրդական Պետրոս Պետոյանի։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Պետոյանի պաշտոնական կենսագրությունը, պարզեց, որ պաշտոնյան իր նշանակման իրական օրվա մասին կենսագրական տվյլաներում գրել է՝ մարտի 19։
Անհամապատասխանության նման մեծ` 14-օրյա ինտերվալը չէր կարող վրիպման արդյունք լինել: Սա նշանակում է, որ քաղաքապետարանում ակնհայտորեն չեն տիրապետում իրավիճակին եւ պաշտոնական նշանակումների ժամանակագրությանը։
Հ.Գ. Չի բացառվում, որ ՔՊ-ի օրոք անձը նախ «նշանակվում» է ամենակարեւոր պաշտոնին, ապա նոր ֆորմալ առումով հրամանագրվում է՝ օրինական կարգով. կամ էլ Պետոյանը ուղղակի դրանք շփոթել է կենսագրությունը լրացնելիս, բայց, անհարմար է այս դեպքում էլ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Որքան էլ այս պահի իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, մեր տեղեկություններով, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա: Ու դա չի հաղթահարվում՝ չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում:
Ավելին, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկա պահին Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության մոտ տասը պատգամավոր նեղ շրջանակներում դժգոհել է, թե մեծ ճնշումների տակ են իրենց բարեկամների, հարազատների ու ընկերների կողմից, որոնք կոչ են անում դեմ չգնալ ժողովրդական պահանջին ու, հանուն երկրի փրկության, աջակցել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին: Այդ պատգամավորները նշել են, թե հիմա երեք «քարի» արանքում են. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է՝ իր սպառնալիքներով և «դոսյեներով», մյուս կողմից՝ բարեկամները, հարազատները, ընկերները, վերջապես մյուս կողմից՝ համաժողովրդական պահանջը:
Չհաշված, իհարկե, ներկա կարգավիճակն ու ֆինանսական հնարավորությունները կորցնելու հեռանկարը: Տարբեր տեղեկություններով, 4-5 (որոշ աղբյուրներ ավելի մեծ թիվ են նշում) քպական պատգամավոր «չերեզներով» ակնարկել է, որ սկզբունքորեն դեմ չէ «սուրճ խմելու», եթե սկզբնական փուլում նրանց անունները գաղտնի պահվեն մինչ այն պահը, երբ համապատասխան քանակի պատգամավորներ «սուրճ խմած կլինեն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո: Այս փաստն իշխանական քարոզչամեքենան եւ իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո, նախ անտեսելով մի կարեւոր հանգամանք, թե այդ ինչպես եւ ում որոշմամբ էին սահմանապահները հայտնվել հիշյալ վայրերում:
Մինչդեռ նրանք այնտեղ էին հայտնվել Փաշինյանի որոշմամբ ու խնդրանքով։ Իրականում խաղաղության պայմանագրի դեռեւս նախնական տարբերակում Ալիեւի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։ Մեզ են տրամադրել այդ փաստաթղթի այն հատվածը, որտեղ սեւով սպիտակի վրա բառացի գրված է. «Կողմերը պետք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայություն»։ Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսեւորել, այլ կատարել է Ալիեւի հերթական պահանջը։ Սրանով է պայմանավորված, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերը կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, այսօր «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: «Փաստի» հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Առերևույթ հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստել, որով ասում ենք՝ այդ հանձնաժողովի անդամները, ինչպես նաև վարչապետը, որի որոշմամբ այդ հանձնաժողովը ստեղծվել է, գերազանցել են իրենց իրավասությունները: Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հայտնի հայտարարությունը դուրս է գալիս մեր իրավական դաշտից, որովհետև ոչ մի ներպետական ընթացակարգ չի անցել:
Ինչպե՞ս կարող են սյուներ տեղադրել: Առավելագույնը, ինչ կարող են անել, նոր պետական սահմանագիծ համաձայնեցնելն է, բայց այդ համաձայնեցումը պետք է ընդունվի պետության կողմից»: Ըստ Չալաբյանի, սահմանագծման և սահմանազատման այն գործընթացը, որ հիմա փաստացի տեղի է ունենում Տավուշի սահմանագծի հատվածում, իր էությամբ ապօրինի է: «Ինչո՞ւ, որովհետև ստեղծված հանձնաժողովն իրավասություն ունի միայն բանակցելու: Բանակցություններից հետո այն փաստաթուղթը, որը բանակցվել է, պետք է վերածվի միջազգային պայմանագրի, այսինքն՝ կնքվի: Այդ հանձնաժողովը, որը ստորագրել է փաստաթուղթ ադրբեջանական կողմի հետ, բացարձակ իրավասու չէ նման թուղթ ստորագրելու, վերցնելու ինչ-որ ժամկետների ապահովման պարտավորություններ և այլն, դա իր իրավասություններից բացարձակ վեր է: Խոսքը վերաբերում է երկրի տարածքների փոփոխությանը, դրա իրավասությունն ունի միայն ամբողջ ժողովուրդը հանրաքվեի միջոցով:
Հետամուտ ենք լինելու, որպեսզի այդ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվի: Ապրում ենք իրավական պետությունում, Սահմանադրություն է գործում: Եթե կան մարդիկ, որոնք համարում են, որ Սահմանադրությունից վեր են, խորապես սխալվում են: Իրենք փորձում են իրենց վեր դասել, բայց Սահմանադրությունից վեր չեն: «ՀայաՔվեն» որպես քաղաքացիական, իրավական, ժողովրդավարական նախաձեռնություն հետամուտ է լինելու, որ մեր Սահմանադրությունը պահպանվի»,-ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որքան էլ ՔՊ-ն ձեւացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն ինչ-որ քաղաքական շահեր են սպասարկում, համաժողովրդական չէ պայքարը եւ այլն, թիմի ներսից ստացվող ինֆորմացիան հակառակի մասին է խոսում՝ ցույց տալով, որ իշխանական նավը երերում է, եթե չասենք՝ ճաքեր է տվել։ Այդ մասին են վկայում կուսակցական «չաթերից» արտահոսքերը, որոնցից տեղեկանում ենք, օրինակ, որ պատգամավոր Լուլուն առարկում է վերեւից իջած հրահանգին, թե Նիկոլ Փաշինյանի լուսանկարը տեղադրելու փոխարեն ավելի կրեատիվ պատասխան տանք «սրբազան պայքարին»։
Երեկ տեղեկացանք, որ ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի եւ տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները, որ խուսափեն այլ արտահոսքերից եւ բացահայտումներից։ Ի դեպ, վերեւներից ՔՊ-ականներին հանձնարարվել է առաջ տանել քարոզչական այն թեզը, թե շարժումը մարում է, դրա ապացույցն է սրբազանի կողմից իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին հայտարարությունը, այլապես հրապարակով կստիպեին, որ Փաշինյանը հրաժարական գրեր։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում