«Ուժեղ Հայաստան» դաշինքը ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվանել է ընտրակեղծիքների և ճնշումների հետևանք
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Հայաստանի 19 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքներին։ Քաղաքական ուժի գնահատմամբ՝ քվեարկության արդյունքները հերթական անգամ ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, սակայն թույլ է Ալիևի առջև, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ստեփանավանում իրենց թեկնածուն, քաջ գիտակցելով ձերբակալման վտանգը, որոշել էր առաջադրվել, քանի որ Հայաստանին ժողովրդավարություն է անհրաժեշտ։ Կուսակցությունը պնդում է, որ իշխող ուժը դասեր չի քաղել ԵԽԽՎ վերջին զեկույցից, որում խոսվում էր հունիսին կայացած համապետական ընտրությունների ժամանակ կիրառված մեծամասշտաբ ընտրախախտումների մասին, և նույն ձեռագրով գործեց նաև ՏԻՄ ընտրություններում։
Ըստ «Ուժեղ Հայաստան»-ի՝ քաղաքական հակառակորդների կալանավորումները, ընտրության օրը ընդդիմադիր ավագանու անդամների ձերբակալությունները, վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկությունները, ընտրություններից առաջ պետական բյուջեից հսկայական միջոցների հատկացումն ընտրությունների պատրաստվող համայնքներում, ՔՊ-ականների կողմից քաղաքացուն բնակարան տալու խոստումն ու այլ քայլերը վկայում են միայն մեկ բանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդար ընտրություններով Հայաստանում չի կարող հաղթել։
Այնուամենայնիվ, «Ուժեղ Հայաստան»-ը համոզված է, որ ժողովրդավարության և առանց զիջումների խաղաղության համար պայքարը հաղթանակով է ավարտվելու, սակայն գիտակցում է, որ այդ հաղթանակին հնարավոր չէ հասնել ընդամենը մի քանի ամսում։ Կուսակցությունը շեշտում է, որ այսօր, առավել քան երբևէ, պետք է համախմբվել որպես ազգ և միասնական պայքարել հանուն առանց զիջումների խաղաղության։ Ընդգծելով, որ իրենք Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն են, կուսակցությունը հայտարարում է, որ Ստեփանավանում և այլ համայնքներում շարունակելու է աշխատել, իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր և գործել ի շահ ժողովրդի՝ վստահությամբ, որ ուժեղ Հայաստան ունենալու ենք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում