Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Մինչ Հայաստանում քաղաքացիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, ամենօրյա պայքարի մեջ են, քննարկվում է երկրի վաղվա գոյության խնդիրը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դատարանում վիճարկում է քաղաքապետարանի շենք մտնելու հարցը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մինչ հանրապետությունում քաղաքացիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի ամենօրյա պայքարի մեջ են, քննարկվում է մեր երկրի վաղվա գոյության հարցը, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենք մտնելու հարցն է դատարանում վիճարկում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 13-ին Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին եւ ներքին գործերի նախարարությանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանը պահանջում է, որ դատարանը 09.10.2023 թ. թիվ 3179-Ա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ եւ ՀՁՊ գնդի 09.10.2023 թ. թիվ 63-Ա համատեղ հրամաններն անվավեր ճանաչի եւ հայցվորի՝ Երեւանի քաղաքապետարան մուտք գործելու արգելանքը վերացնի:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, որոնք դեմ էին տրանսպորտը թանկացնելուն։ Նրանց թվում էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին թույլ չէին տվել մուտք գործել շենք: Գործը մակագրվել է դատավոր Հերմինե Մուրադյանին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղաքական դաշտը դիսկոմֆորտի մեջ է, մինչ այս պահը Բագրատ սրբազանը սեփական խաղն է առաջ տանում, չնայած նրա հետ հանդիպում եւ փորձում են իրենց աջակցությունն ու առաջարկները ներկայացնել քաղաքական ամենատարբեր ուժեր: Նա միայն լսում է ու փոխանցում, որ կքննարկեն շարժման նախաձեռնողներով։
«Տավուշը հանուն հայրենիքի» ակտիվից բացի, նա որոշակի տեղ է տալիս Աբրահամ Գասպարյանին, Ավետիք Չալաբյանին, իսկ տիտղոսակիր ընդդիմադիրներին պահում է ստվերում։ Ի դեպ, նրանք էլ են փորձում չմիջամտել՝ չվնասելու սկզբունքով: Օրինակ, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները: Ի դեպ, Սերժ Սարգսյանը մեկ շաբաթից ավելի երկրում չէ` Գերմանիայում է, վերադառնալու է վաղը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է։
ՀՀ Հակակառուպցիոն դատարանը վերջինիս արդեն երրորդ անգամ է հրավիրում հարցաքննության՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Նշենք, որ այդ գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։
Հիշեցնենք` 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական պատգամավորներն աղոթում են, որ մինչ այդ շարժումն իսկապես մարի, ինչպես իրենք են ամեն օր հայտարարում` աղոթքի նման։ ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ սրբազանն այդ օրերին կարող է մարդկանց խորհրդարանի շենքը պաշարելու կոչ անել, եւ եթե հնարավոր լինի ապահովել մեծ բազմություն, ապա իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին։
Ի դեպ, նախօրեին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանը եւ Գառնիկ Դանիելյանը որոշել են սրբազանին խորհրդարան հրավիրել եւ անցագիր են իջեցրել, ԱԺ-ում ներկա ՔՊ-ական պատգամավորների շրջանում իսկական խառնաշփոթ ու աժիոտաժ է սկսվել: Մտածել են, որ սրբազանը կշրջի շենքում` ինչ անել, որ հանկարծ չհանդիպեն նրան։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման առաջին իսկ օրվանից իշխանությունն ամբողջ ռեսուրսներով լծվել է շարժման անդամների, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հասցեին տարատեսակ սուտ տեղեկություններ տարածելու գործին: Մեկ ասացին, թե կուսակրոն քահանա Բագրատ արքեպիսկոպոսի երկու որդիները չեն ծառայել բանակում, այն դեպքում, երբ նա որդիներ չունի:
Օրերս էլ ՔՊ-ի կողմից հրապարակ նետվեց տեղեկություն` Բագրատ արքեպիսկոպս Գալստանյանը Lexus LX 570 մեքենա է վարում, որի շուկայական արժեքը տատանվում է 40 հազարից 65 հազար դոլարի միջեւ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի թեմի լրատվության պատասխանատու Լիդիա Մանթաշյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ավտոմեքենա է վարում Սրբազանը եւ ինչ միջոցներով է գնել, ասաց. «Դա 2008 թվականի մեքենա է, այնպես չէ, թե նոր, թարմ ավտոմեքենա է: Բագրատ Սրբազանը՝ որպես Տավուշի թեմի առաջնորդ, մշտապես իր խնամքի տակ է պահել դիրքերը պահող տղաներին եւ զորամասը: Նոր տարուն նույնիսկ մշտապես բարձրանում էր դիրքեր, զորամասեր ու տղաների հետ էր նշում Ամանորը: Եվ տարիներ առաջ՝ 2017 թվականին, երբ Բագրատ Գալստանյանը Կարո Առաքելյանի հետ հերթական անգամ գնացել է զինվորների Զատկի տոնը շնորհավորելու, դրանից հետո, Կարո Առաքելյանը Սրբազանին մեքենա է նվիրել»:
Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի:
Մեզ հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդարանից ասացին, որ Բագրատ Սրբազանը Մայր աթոռում իր համար հատկացված կացարան ունի, որտեղ բնակվում է. իսկ այս օրերին Երեւանում վագոն-տնակում կամ հյուրանոցում է գիշերում։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, տապալվել է: Նա, մեղմ ասած, անհարմար իրավիճակում է հայտնվել՝ ԱՄՆ հայ համայնքն ուղղակի բոյկոտել է եւ հրաժարվել է մասնակցել նրա հետ նախատեսվող հանդիպումներին: Համայնքի հետ հարաբերություններն այդպես էլ չկարգավորած դեսպան Լիլիթ Մակունցը ոչինչ անել չի կարողացել՝ փաստացի ձախողել է այցի նախապատրաստական աշխատանքը: Մեր տեղեկություններով, իրավիճակն այնքան ամոթալի է եղել, որ ամերիկահայ համայնքի հետ սկսել են բանակցել ԱՄՆ պետքարտուղարությունից:
Արդյունքում հաջողվել է կազմակերպել ԱՄՆ-ում Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ու Գլենդելի հայազգի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ Խաչատուրյանի հանդիպումը: Իսկ իշխանությունների նկատմամբ քիչ թե շատ լոյալ տրամադրված ամերիկահայերի մի փոքր խմբի հետ նա կարողացել է հանդիպել միայն հյուրանոցում, որտեղ իջեւանել է: Բոյկոտն այնքան տոտալ է եղել, որ նա անգամ հյուրանոցից դուրս գալու հնարավորություն չի ունեցել:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարները եւս փաստում են, որ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների, Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի, Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամների ու Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի հետ հանդիպումներն անցել են նույն վայրում: Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում