Իշխանությունները հույսը դրել են ոստիկանության բիրտ ուժի վրա․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Թեպետ ՔՊ-ն իրեն հույս է տալիս, որ շարժումը մարում է, սակայն գնալով ուժեղացնում են Փաշինյանի անվտանգությունը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական եւ ընդդիմադիր թեւերում ակնկալիքներ կային, որ երեկ Բագրատ սրբազանը շարժումը կուղղորդի դեպի խորհրդարան, որտեղ սկսվել են անցած տարվա բյուջեի կատարողականի հետ կապված հաշվետվություն-քննարկումները, որոնց մեկնարկին, ըստ օրենքի, պետք է մասնակցեր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Սակայն սրբազանն ուղղություն բռնեց դեպի ներքին գործերի նախարարություն՝ Վահե Ղազարյանից բացատրություններ պահանջելու մեկ օր առաջ Սարդարապատի հուշահամալիրում բերետավորների մասնակցությամբ՝ Վեհափառի նկատմամբ դրսեւորված խուլիգանական պահվածքի եւ ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների համար։
ՔՊ-ում երեկ ակտիվ քննարկում էին, որ սրբազանը, ըստ ամենայնի, խորհրդարան «կուղեւորվի» հունիսի 12-ին՝ այս նստաշրջանին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, որին, ըստ օրենքի, ներկա է լինելու նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց գնահատմամբ, սրբազանը գործընթացները փորձելու է առաջիկա օրերին ակտիվացնել, որովհետեւ հետո շոգերը կընկնեն, եւ մարդկանց դժվար կլինի փողոց հանել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ՝ տետ-ա-տետ զրույցներում, միմյանց հուսադրում են, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն իրեն արդեն տապալել է: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպումների ժամանակ բոլոր իշանականները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճոյախոսում են, հայտարարում են, թե ինքը հուսալքվելու պատճառ չունի, քանի որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս:
Կառավարության մեր աղբյուրները եւս փոխանցում են, որ ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ շարժումը մարել է, ու մի քանի օր անց ոստիկանների ճնշման ներքո այլեւս մարդիկ փողոց դուրս չեն գալու: Բայց ասել, որ իշխանություններն անհանգիստ չեն Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից սխալ կլինի, քանի որ ՔՊ խմբակցությունն ու հայրենի կառավարության ողջ կազմը ուշի-ուշով հետեւում են շարժման քայլերին: Ֆեյքային անդադար գրոհներ կազմակերպում Սրբազանի եւ նրան սատարողների նկատմամբ: Հույսը ոստիկանների բիրտ ուժ կիրառելն է, Սրբազանի հասցեին վարկաբեկող տեղեկություններ տարածելը, որն էլ կնպաստի, որ շարժումը փողոցում այլեւս չշարունակվի. իսկ այսօր Բագրատ Սրբազանը բոլորին կառավարության նիստի է հրավիրել, որը եւս մեկ մտահոգության առիթ է տվել հայրենի իշխանություններին: Կառավարությունը աննախադեպ ուժեղացրել է անվտանգությունը` կառավարության մոտ անկանխատեսելի բաներ թույլ չտալու համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ցուցարարների դեմ «հերոսական» պայքարը համակարգող, ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով օրերս արժանացավ գեներալ-մայորի կոչման, առաջիկայում նոր որակի վայրագություններ է պլանավորում՝ կարմիր եւ սեւ բերետավորների կատարմամբ։ Բանն այն է, որ գեներալական ուսադիրներ ստանալու ժամանակ նա քաղաքական ղեկավարության կողմից ոչ միայն շնորհակալությունների է արժանացել՝ իր վայրագությունների համար, այլեւ նոր խոստում է ստացել, որ այսպես շարունակելու դեպքում իրեն կվստահեն ՆԳՆ-ում առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը, որի համար համակարգում թեժ մարտեր են ընթանում, թե ում կշնորհվի այդ բաղձալի՝ նախարարին հավասար պաշտոնը։ Բանն այն է, որ գվարդիայի մեջ են միավորվելու կարմիր եւ սեւ բերետավորները, հատուկ նշանակության ջոկատները, որոնք բացառապես մեկ նպատակի համար են օգտագործվելու՝ հասարակական կարգի պահպանման: Այլ կերպ ասած՝ ցույցեր ցրելու եւ Փաշինյանին պաշտպանելու։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն մոտ մեկ ամիս բերետակիր ջարդարարների միջոցով ժողովրդի «հետևից ընկած» ՆԳ նախարար Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր նույն ժողովրդից: Հազարավոր հայրենակիցներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, եկել էին ՆԳ նախարարության շենքի մոտ՝ Վահե Ղազարյանին հանդիպելու: Բայց նա իր զուգահեռդասարանցու և ղեկավարի օրինակով «թռած» էր: Փոխարենը փողոցներում խմբակային խուլիգանություն անող «ոստիկանների» անմիջական շեֆն իջավ և փորձեց, ինչպես Բագրատ Սրբազանն արձանագրեց, «կիսագողական» կեցվածքով խոսել արքեպիսկոպոսի հետ: Դեռևս ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը փորձեց նաև «կռուտիտ լինել», թե իբր «լակոտ» ասել է ոստիկանական մեքենաների անվադողերը ծակողներին:
Բայց այս անգամ արդեն ոչ թե 40 օր, այլ ընդամենը մաքսիմում 40 վայրկյան պահանջվեց՝ ապացուցելու համար, որ Արամ Հովհաննիսյանը հազարավոր հայ մարդկանց է վիրավորել, բառացի ասելով՝ «լակոտի պես փողոց են փակում»: Այն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր քաղաքական թիմին,այլև պետական ամբողջ համակարգն է ստախոս դարձրել, դրան անդրադարձել ենք: Բայց հարցեր կան: Օրինակ՝ 2018 թվականին այն անձը, որի հրամաններն ու օրինազանց քմահաճույքները հիմա կատարում է Հովհաննիսյանը, իշխանության է եկել հենց փողոց փակելով: Պե՞տք է ենթադրել, որ նրա որակումը վերաբերում է նաև այն ժամանակ բոլոր փողոց փակածներին: Այդ դեպքում զարմանալի է, որ նա դեռ շարունակում է պաշտոնավարել:
Ու, ընդհանրապես, ոստիկանությունը ոչ միայն վերածվել է մարդատյաց-ջարդարարների խմբավորման, այլև աչքի է ընկնում թույլիկագույն «կռուտիտներով», ու խոսքը միայն ցույցերի մասին չէ: Օրինակ՝ մայիսի 26-ի առավոտյան, երբ հայտնի էին դառնում Լոռիում ու Տավուշում ավերիչ հեղեղման հետևանքները, այդ թվում՝ մարդկանց զոհվելու, անհետ կորելու մասին տեղեկությունները, ՆԳՆ-ն «փայլատակեց»: ՆԳ նախարարի մամուլի խոսնակի միջոցով հայտարարություն հրապարակվեց, թե «կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ»: Ընդամենը մեկ ժամ անց, ցավոք, հաստատվեցին տեղեկությունները թե՛ զոհերի, թե՛ անհետացածների, թե՛ արգելափակվածների մասին: Հիմա ո՞վ էր «կեղծ լուրեր տարածում»:
Ըստ որում, բուն հեղեղումից դեռ օրեր անց էլ արգելափակված մարդիկ, բնակավայրե՛ր կան: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ուսանող-կամավորականների են հավաքագրում, որ աղետի գոտում աշխատանքներ իրականացնեն: Այդ անփորձ երեխեքին տանում եք այնտեղ, որ ի՞նչ անեն: Խնդրեմ, փողոցները լցրել եք բերետակիրներով ու անհասկանալի կերպարանքներով, որոնք զբաղված են հայ մարդկանց ջարդելով, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամանքով, որոնք հաճախ պարզապես փողոցային խուլիգանի պես են պահում իրենց: Այ, դրանց հավաքեք, տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ օգտակար գործ անեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 28-ին տեղի է ունեցել «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը, որը մամուլի համար փակ է եղել։ «Կուսակցության հետ կապ ունեն այստեղ գտնվող անձինք, Ռոբերտ Քոչարյանը կապ չունի»,- համագումարից հետո հայտարարել է հիմնադիրներից մեկը` Նարեկ Մանթաշյանը։
Թեեւ նրանք հերքում են Ռ. Քոչարյանի կապը կուսակցության հետ, սակայն կուսակցության հիմնադիր կազմում Քոչարյանի աջակիցներն են։ Մեկը Սեւակ Խաչատրյանն է (հայտնի Սաքուլիկը), ով ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն է եղել, պրոռեկտոր, հիմա Էջմիածնի ավագանու խմբակցության ղեկավարն է: Հովհաննես Հարությունյանը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ, «Հայաստան» դաշինքի աջակից։ Կուսակցությանն է անդամագրվել նաեւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, ով մի շարք այլ աղմկոտ գործերով ընդդիմադիրների պաշտպանությունն է իրականացրել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ն, Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, տապալել է 44-օրյա պատերազմի զեկույցի հրապարակումը. դրա աշխատանքները տեղում դոփում են:
Այսպիսով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, որը հենց Անդրանիկ Քոչարյանն էր ղեկավարում, իր վերջին նիստը հրավիրել էր նախորդ տարի՝ դեկտեմբերի 3-ին, արդեն շուրջ հինգ եւ ավելի ամիս է՝ ընթանում են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները:
Դեռ ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ մինչեւ մայիսի վերջ կներկայացնենք 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը»:
Մայիսն արդեն ավարտվում է, բայց զեկույցից դեռ նորություն չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր նաեւ, որ հանձնաժողովի անդամները մտադիր են եղել մինչեւ մայիս ավարտել աշխատանքները, որպեսզի զեկույցը հրապարակվի, սակայն Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ չեն հասցնի, շատ աշխատանք կա անելու:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ իշխանականները ինչ նպատակի համար փորձում էին այդ զեկույցը ծառայեցնել, այն է՝ ընդդիմադիրներին ճնշելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու, դա չի հաջողվում:
Այդ պատճառով էլ ձգձգվում է զեկույցի հրապարակումը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի փոխարեն երեկ ԱԺ բյուջետային քննարկումներին ներկայացած փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրինք՝ ինքը ՆԳՆ շենքի՞ց է եկել խորհրդարան, եթե այո, ապա ինչպե՞ս է ճեղքել սրբազան պայքարի մասնակիցների շարքերը, որոնք վաղ առավոտից շրջափակել էին ՆԳՆ շենքը եւ Վահե Ղազարյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ի դեպ, հենց այդ պատճառով էլ ՆԳ նախարարը չեկավ խորհրդարան, թեեւ նախապես ծրագրված էր, որ համակարգի ղեկավարն է ներկայացնելու իրենց հաշվետվությունը: Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ ՆԳ շենքից է դուրս եկել: Ինչպե՞ս` հետնամուտքո՞վ։ «Հետնամուտք չկա, մի մուտք է»,- փոխնախարարի փոխարեն պատասխանեց նրան ուղեկցող պաշտոնյան։
Իրականում փոխնախարարը հետնամուտքից է դուրս եկել, եւ դա է պատճառը, որ նրան ոչ մեկը չի նկատել: Նույնկերպ կարող էր վարվել նաեւ նախարար Վահե Ղազարյանը, սակայն նա նախընտրել է այդ պատրվակով ԱԺ չգալ: Կա՛մ իսկապես նրա օրերը հաշված են, եւ նա հեռանում է համակարգից, կա՛մ իսկապես որոշակի ապրումներ ունի վերջին իրադարձությունների, իր հայրենի Տավուշից հող հանձնելու կապակցությամբ: Ըստ որոշ լուրերի, նա մի քանի անգամ ցանկացել է դիմում գրել հեռանալ, Փաշինյանի հորդորով հետ է կանգնել մտադրությունից։ Սակայն լուրեր կան, որ Փաշինյանն էլ է հակված նրան փոխարինելու, անգամ ապագա պաշտոնն են նշում` Պետական պահպանության ծառայության ղեկավար, ինչը պաշտոնաթող անելուն համազոր է: Հայտնի է, որ ոստիկանական բռնի գործողությունները համակարգում են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։
Ճի՞շտ է, որ Դուք եք համակարգում հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ վայրագությունները․ այս հարցին Սարգսյանը նետեց` ստահոդ լուրերին չեմ պատասխանում։ Ի՞նչն է ստահոդ, որ Դո՞ւք եք ղեկավարում, թե՞ որ վայրագություններ չկան: Հարցը մնաց անարձագանք։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս օրերին Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանախմբից ավելի ուժգին Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ են հայտարարել արևմտյան այն ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք հայտնի են նրանով, որ տարիներ շարունակ սնվել են Արևմուտքից, և որոնց հասարակության մեջ հավաքական առումով ընդունված է անվանել «սորոսականներ»: Նրանք «նոնստոպ» ռեժիմով գրառումներ են կատարում և հարցազրույցներ տալիս՝ ընդդեմ Եկեղեցու, ընդդեմ ազգային արժեքների, հեգնելով ու ծաղրելով թե՛ Եկեղեցին, թե հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությանը, որը դեմ է Փաշինյանի ազգակործան ու հանձնողական քաղաքականությանը: Սա երևի թե զարմանալի չէ:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը 2018 թ. իշխանության եկավ նաև այս ՀԿ-ների ու նրանց սնուցողների՝ տարիներ շարունակ ձևավորած սարդոստայնի շնորհիվ: Այդ ցանցը միշտ էլ հանդես է եկել ազգային արժեհամակարգի դեմ, մշտապես զբաղված է եղել Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտացման, թշնամության թուլացման լոբբինգով, թուրքամետ թեզերի տարածմամբ:
Ըստ այդմ, շատ փորձագետներ տեսակետ են հայտնում, որ այս ցանցի՝ «Նիկոլից ավելի նիկոլական» պահվածքը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը, իշխանության գալով, աստիճանաբար կյանքի կոչեց Ադրբեջանի և Թուրքիայի ազգային, պետական, աշխարհաքաղաքական շահերից բխող քաղաքականություն. ի մասնավորի, վատթարացրեց հայ-ռուսական կապերը, Արցախի հարցում փորձեց սկսել բանակցությունները «սեփական կետից», որն ի վերջո բերեց 2020 թ. աղետալի պատերազմին, իսկ ապագայում՝ Արցախի վերջնական հայաթափմանը: Դե, իսկ Պրահայում էլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժանելի մաս՝ իր ամբողջ ողբերգական հետևանքներով:Օրերս, անդրադառնալով այս թեմային, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրել է, որ Փաշինյանը պատրաստ է խաղաղության Իլհամ Ալիևի հետ՝ ադրբեջանական նախապայմաններով:
«Նախ՝ նա Արցախը թողեց Ադրբեջանի կազմում՝ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կյանքի է կոչում ադրբեջանական թեզերով սահմանազատում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն Իլհամ Ալիևն ու Թուրքիան պահում են օրակարգում, ապագայում է պատրաստվում իրականացնել՝ դա հանրությանը հրամցնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներքո: Ադրբեջանական թեզերը Փաշինյանն ու թիմը կյանքի են կոչում ՀՀ ներքաղաքական դաշտում: Հայ առաքելական եկեղեցին, հայոց պատմությունը նույնպես թիրախավորվում են քպականների կողմից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Փաշինյանը պատրաստվում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Հայ դատից, Հայոց ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին կամ ուղղակի դուրս հանել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, միայն թե բացվի հայ-թուրքական սահմանը:
Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից օգտվելու են Փաշինյանի մերձավոր օլիգարխները, որոնք օր առաջ սպասում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իսկ թե ինչ կլինի հայկական տնտեսության հետ՝ թուրք-ադրբեջանական տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիայի ֆոնին, ՔՊ-ին և նրա առաջնորդին քիչ են հուզում: Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը թուրքամետ և ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն են վարում, ինչի համար էլ 2018թ.-ին տարբեր ՀԿ-ների, գերտերությունների և ներքին ուժերի միասնական ջանքերով բերվել են իշխանության»,-նշում է Տելեգրամ ալիքն ու հավելում, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը նման է թուրքական և ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի լոբբինգին:
Եթե սրան գումարում ենք այն փաստը, որ արևմտյան ՀԿ-ները, որոնք Փաշինյանի և ՔՊ-ի հետ կազմում են մեկ բռունցք, շարունակում են թիրախավորել նաև հայ-ռուսական հարաբերությունները՝ բոլոր սլաքներն ուղղելով կամ Ռուսաստանի դեմ՝ ՌԴ-ից ձևավորելով արտաքին թշնամու կերպար, կամ հնարավոր բոլոր մեղքերի համար մեղադրում են ՀՀ նախկին իշխանություններին, ապա պատկերն առավել պարզ է դառնում:
«Այսպիսով, ՀՀ-ն Փաշինյանի օրոք աստիճանաբար վերածվում է թուրքադրբեջանական ազդեցության գոտում գտնվող երկրի, ինչը կործանարար է հայոց պետականության և հայ ազգի համար»,-նշում են հեղինակները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տարբեր կանխատեսումներ կան, թե հաջորդը որ տարածքն են «սահմանազատելու» Փաշինյանն ու Ալիեւը, այսինքն` որ տարածքից ենք հող հանձնելու: Մի մասն ասում է` Տավուշի, այսպես կոչված, անկլավներն են, մյուսները` Սոթքն ու Վարդենիսը, երրորդները` Սյունիքը:
Երեկ մեզ ահազանգեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից, ասացին, որ մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել: Իրենց ասել են, որ այս տարածքում Ադրբեջանը 12 պաշտպանական դիրք է պահանջում մեզնից, որը հանձնելու մասին խոստումն արդեն տրվել է:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում