Աշխատանքի ցանկությունը «խեղդում» է Փաշինյանին. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը պաշտոնապես արձակուրդում է, բայց, արի ու տես, որ աշխատանքի ցանկությունը «խեղդում» է Փաշինյանին: Նա պտտվում է մարզերով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Փաշինյանը Տավուշ կմեկնի:
Երեկ Փաշինյանը նախ այցելեց Դիլիջանում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի շինհրապարակներ, այնուհետև ծանոթացավ Դիլիջանում՝ թիվ 5 մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին, ապա Դիլիջանով շրջեց, բոլորին ողջունեց, նկարվեց ու անցավ: Վերջինս այցելեց հայրենի Իջևան, Բերդ, հետո ծանոթացավ Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների ընտրարշավը՝ կառավարության ծրագրերը ներկայացնելով որպես ՔՊ-ի ծրագրեր, ՔՊ-ի լավությունը ՀՀ քաղաքացիներին՝ դրանով հանրությանը ցույց տալով, որ իր իշխանությունն անդադար, օրնիբուն աշխատում է: Այսինքն՝ Փաշինյանն ամեն կերպ փորձում է քաղաքացիների աչքին բարձրանալ՝ ցուցադրելով նաև այն հանգամանքը, թե ինքը պաշտոնապես արձակուրդում է, սակայն «հանուն հայրենիքի ծաղկման» մարզային այցեր է սկսել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմին ասել է, որ առաջիկա ընտրություններում ինքն անձամբ բոլոր հանդիպումներին, ներքին քննարկումներին, մարզային այցերին ներկա կլինի, որպեսզի ժողովրդի վստահությունը կրկին շահի, եւ ձայներ հավաքեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում