Էլվիս Փրեսլիի երգերի հեղինակային իրավատերերը 41 միլիոն դոլարի հայց եններկայացրել Anthropic-ի դեմ

Էլվիս Փրեսլիի երգերի հեղինակային իրավատերերը 41 միլիոն դոլարի հայց եններկայացրել Anthropic-ի դեմ

Էլվիս Փրեսլիի երաժշտական նվաճումների հեղինակային իրավունքների սեփականատերերը դատական հայց են ներկայացրել արհեստական բանականության ոլորտի առաջատար Anthropic ընկերության դեմ՝ մեղադրելով նրան հեղինակային իրավունքների լայնամասշտաբ խախտման մեջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով The Insider-ին։

Հայցվորների պնդմամբ՝ ընկերությունն իր արհեստական բանականության մոդելներին ուսուցանելու նպատակով առանց թույլտվության օգտագործել է Էլվիս Փրեսլիի 274 երգ։ Դատական փաստաթղթերում մասնավորապես հիշատակվում են լեգենդար երգչի այնպիսի հայտնի հիթերը, ինչպիսիք են «Return to Sender», «All Shook Up» և «Can’t Help Falling in Love» ստեղծագործությունները։ Իրավատերերը Anthropic-ից պահանջում են ընդհանուր առմամբ 41 միլիոն դոլարի փոխհատուցում, ինչը կազմում է յուրաքանչյուր խախտված երգի համար 150 հազար դոլար։ Ընկերությանը մեղադրել են սեփական բիզնես մոդելն աննախադեպ ծավալների հեղինակային իրավունքների խախտման վրա կառուցելու մեջ։ Anthropic-ի ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ համաձայն չեն մեղադրանքների հետ և մտադիր են իրենց շահերը պաշտպանել դատարանում։  

Նշվում է նաև, որ անցյալ շաբաթ նմանատիպ հայց էր ներկայացրել Reservoir երաժշտական ընկերությունը, որը նույնպես Anthropic-ին մեղադրել էր Claude չաթբոտի ուսուցման համար առանց թույլտվության ավելի քան 850 ստեղծագործություն, այդ թվում՝ Մադոննայի և այլ կատարողների երգերը օգտագործելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում