Ինչին «ձեռք են տալիս», տեղում փչացնում են. «Փաստ»
Նմանատիպ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ԱԳՆ-ն մի պարզաբանում է հրապարակել, որը, եթե շատ դիվանագիտորեն արտահայտվենք, ինչ-ինչ դիտարկումների տեղիք է տալիս: Ո՞րն է խնդիրը: Իսկ խնդիրը կամ բողոքն այն է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան: Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն բացատրում է, որ եվրոպական երկրները ճիշտ են վարվում, որ արգելում են, քանի որ ՀՀ տվյալ քաղաքացիները դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացնում են բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է:
Ստացվում է, որ ՀՀ տվյալ քաղաքացիները «անտեղյակ-միամիտներ» են, որ կարծում են, թե Շենգենյան համաձայնագրի երկրներից մեկի մուտքի թույլտվություն ստանալու դեպքում կարող են ազատորեն մուտք գործել (մեկնել, անցնել) նույն համաձայնագրի մեկ այլ երկիր: Սկզբունքորեն, «շենգենյան երկրի վիզայի» ամբողջ իմաստը դա է: Ավելին, պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները «պակաս հավասար են, քան մյուսները», այսինքն՝ պարտավոր են երկար-բարակ ներկայացնել, թե էլ որ երկիր (երկրներ) են մտադիր մեկնել, որ հյուրանոցում են պատրաստվում իջևանել, նախաճաշին ինչ են ուտելու, արդյոք կռուասանի համար վճարելու փող ունեն և այդպես շարունակ:
Հարկավ, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն էլ ծանոթանալ ԱԳՆ պարզաբանման մանրամասնություններին ու պատկերացում կազմել: Բայց, այ, թե ինչն է շատ ավելի հետաքրքիր: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԱԳՆ-ն, փոխանակ պաշտպանի իր երկրի քաղաքացիների շահերը, դեռ մի բան էլ մուննաթ է գալիս ու «դաս տալիս»: Այստեղ ոչ պակաս խորքային հարցեր կան: Փաշինյանական իշխանությունը, որի բաղկացուցիչ մասն է կազմում Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանի կենսական տարածքները թշնամուն հանձնելու, Ռուսաստանի հետ թշնամալու դիմաց հանրությանը «կերակրում» էր թեզերով, թե՝ «փոխարենը Եվրոպայի հետ կընկերանանք, առանց վիզա կգնանք եվրոպաներ…» ու նման բաներ:
Որոշ շարքային նիկոլականներ կենցաղային խոսքուզրույցի ժամանակ այդպես էլ ասում են. «Ձեզ պե՞տք էր էդ Ղարաբաղը, մի կերպ դրանից պրծանք, զատո հիմա Փաշինյանը վիզաների ազատականացում կանի, ազատ կգնանք Եվրամիության երկրներ»: Նրանք, որ ապրում են վիրտուալ Հայաստանում, միգուցե գոհ ու երջանիկ են:
Իսկ «գետնի վրա» ունենք մի իրավիճակ, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, Հայաստանի կենսական ու անվտանգային շահերի հաշվին կտրուկ շրջադարձ կատարելով դեպի Արևմուտք ու ԵՄ, վիզաների հարցում վիճակն ավելի է վատացրել, քան կար դրանից առաջ: Դուրս է գալիս, որ Փաշինյանն ու նրա իշխանությունները ինչին «ձեռք են տալիս», տեղում փչացնում են, ինչ խնդրով զբաղվում են, այն վերածում են գերխճճված թնջուկի: Որպես հետևանք՝ տուժում ու անախորժությունների մեջ են ընկնում Հայաստանի քաղաքացիները: Այդպես էլ ուզում ես ասել նրանց՝ կլինի՞, որ դուք ոչ մի բանի «ձեռք չտաք»: Ախր, ինչի դիպչում եք, չորանում է:
Հա, իսկ վիզաների ազատականացումը, հիշեցնենք, ամենևին էլ մի քանի օրվա ու մի քանի ամսվա հարց չէ, այլ տարիների, նույնիսկ շատ տարիների: Եթե, իհարկե, դա երբևէ հնարավոր լինի…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում