Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ամենածանր վիճակներում, անգամ, հայերը չեն կորցրել ինքնությունը. տեսանյութ

Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ամենածանր վիճակներում, անգամ, հայերը չեն կորցրել ինքնությունը. տեսանյութ

17-րդ դարի սկզբին պարսից Շահ Աբասի կազմակերպած հայերի բռնագաղթը հայոց պատմության ամենաողբերգական էջէրից է: Փաստացի, պարսակական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանի զգալի հատվածը 1604թ.-ին զրկվեց ավելի քան 600.000 հայերից, որոնց մի մասը նոր տուն գտավ Իրանի խորքերում, մի մասն էլ` զոհվեց բռնագաղթի ճանապարհին: Պատմագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Շահ Աբասը, կազմակերպելով հայերի բռնագաղթը, երկու հիմնական խնդիր էր լուծում: Քաղաքական մեծ հավակնություններ ունեցող շահը մի կողմից հայ առևտրական, երկրագործական և վարպետաց խավը տեղափոխում էր կենտրոնական Իրանի գավառներ, որպեսզի զարգացնի իրանական տնտեսությունը և միջազգային առևտրում մեծ դերակատարություն ունեցող հայ առևտրականների կապերն օգատործի, մյուս կողմից` Իրանի վրա շարժվող իր հիմնական թշնամի Օսմանյան Կայսրության բանակների ճանապարհն էր ամայացնում:

Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Շահ Աբասի հայերին բռնագաղթեցնելու ալիքները չեն սահմանափակվել մեկ-երկուսով: Բռնագաղթը կազմակերպելով հապճեպորեն և սեղմ ժամկետներում՝ Շահ Աբասի զոհն են դարձել տասնյակ հազարավոր հայեր: Կան պահպանված տեղեկություններ, որ հատկապես ողբերգական է եղել Արաքս գետն անցնելու դրվագը: Միաժամանակ, Առաքել Դավրիժեցի պատմիչը նշում է, որ Շահ Աբասի հրամանով հատուկ վերաբերմունք է ցուցաբերվել բռնագաղթի ենթարկվող հայ վաճառականների նկատմամբ, որոնց Արաքսն անցկացրել են ուղտերով: 17-րդ դարում Իրանի մայրաքաղաք Սպահանի մոտակայքով Ջուղայից բռնագաղթվածների համար Նոր Ջուղա բնակավայրն է ստեղծվել, որը ներկայումս Սպահանի թաղամաս է, բնակեցված է հայերով: Այստեղ գործում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ: Ուշագրավ է, որ Իրանի խորքերը բռնադատված հայերը համառորեն պահպանել են ազգային ինքնությունն ու կրոնական պատկանելիությունը:

Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ 17-րդ դարում Շահ Աբասի կազմակերպած հայերի բռնագաղթը այդ պահին հայոց պատմության մեջ նախադեպը չունեցող ողբերգական երևույթ էր, որի քաղաքական, տնտեսական ու սոցիալական հետևանքները մինչև այսօր էլ զգացնել են տալիս: Թեև սկզբնապես հայ ժողովուրդը դրական վերաբերմունք ուներ Շահ Աբասի նկատմամբ, սակայն պարսից արքունիքի հետագա քաղաքականությունը եկավ ապացուցելու, որ պետականազուրկ հայ ժողովրդի հետ պահի քաղաքական նպատակահարմարությամբ վարվելու վտանգը մշտապես առկա է:

17-րդ դարում Շահ Աբասի կազմակերպած հայերի բռնագաղթի, այնուհետև Հայաստանի տարածքում հայ ժողովրդի վերածննդի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում