Փարաջանովի մասին բալետային ներկայացումը գերեց հանդիսատեսին

Փարաջանովի մասին բալետային ներկայացումը գերեց հանդիսատեսին

Օրերս Ա․ Սպենդարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ խորեոգրաֆիկ-բալետային ժամանակակից ներկայացում՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովի արվեստով։

Բեմադրող-խորեոգրաֆը Ստոկհոլմի միջազգային բալետի դպրոցի բալետի ուսուցիչ Արսեն Մեհրաբյանն է։ Բալետային ներկայացումը հանդիսատեսին ներկայացավ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի և ֆրանսիական «Պրել Ժոկաժի» երիտասարդական բալետային խմբի արտիստների համատեղ խաղով։

Ս․ Փարաջանովի դերում երիտասարդ, մի քանի ժաններում հանդես եկող Կարեն Խաչատրյանն է՝ իր արտիստիկ խաղով, որն իր խորքային, հուզական կատարմամբ գերեց հանդիսատեսին։

Ներկայացման բուն ասելիքը Փարաջանովի կյանքի տարբեր փուլերն են՝ բանտարկություն, հանդիպում կնոջ հետ, դատավարություն, բանտախցից տեսարաններ, վերադարձ տուն։ Պարային ներկայացմանը զուգորդվում են «Նռան գույնը» ֆիլմից դրվագներ, գունային լուծումներով այլ տեսարաններ, սիմվոլիկ պատկերներ, դեկորացիաներ՝ խորություն հաղորդելով դերասանական խաղին և հանդիսատեսին փոխանցելով Փարաջանովի ողջ ներաշխարհի խառնաշփոթը՝ ապրումներն ու տառապանքը, հուզականությունն ու պայքարը։

Ներկայացումը սկսվեց հանդիսատեսին նուռ բաժանելով, ավարտվեց սիմվոլիկ տեսարանով՝ պար մահվան հետ, խաղ՝ կյանքի վերջին հանգրվանի հետ, որն ավարտվում է ցանցաճոճի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում