Կասպշիկը չգնաց դեպքի վայր, իսկ ՀԱՕԿ պատվիրակությունը կմտնի Բաքու

Կասպշիկը չգնաց դեպքի վայր, իսկ ՀԱՕԿ պատվիրակությունը կմտնի Բաքու

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի առաջնագծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Դիտարկմանը  մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից:

Ավելի վաղ  ղարաբաղյան կողմն առաջարկել էր դիտարկում անցկացնել հայկական ուղղաթիռի խոցման վայրի տարածքում, ինչին Բաքուն  դեմ արտահայտվեց՝ հասկացնելով, որ թույլ չի տա: Ամեն դեպքում տեղեկություն եղավ, որ Կասպշիկը կայցելի միջադեպի վայր, բայց ինչպես տեսանք՝ հերթական անգամ  Կասպշիկը տրվեց ադրբեջանական սադրանքին, իսկ հայկական կողմն էլ, բնականաբար, այս անգամ ևս  դուրս չեկավ այսպես ասած՝ կառուցողական դիրքերից և  ի պատասխան չհրաժարվեց  մեկ այլ  ուղղությամբ հինգ րոպեանոց դիտարկումից: Եվ սա այն դեպքում, երբ  ադրբեջանական կողմը վերջին պահին եղել է, որ մոնիթորինգի վայրեր է փոխել, երբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներին առաջնագիծ դուրս չի բերել, երբ նրանք դեռ ոտքը չքաշած դիտարկման վայրից, խախտել է  հրադադարի ռեժիմը և կրակոցներ արձակել: Մի կողմից ԵԱՀԿ-ն վտանգավոր բան է տեսնում  Ադրբեջանի գործողություններում, մյուս կողմից՝ սեփական «չեզոքությամբ» լեզու դնում Ադրբեջանի բերանը՝ անտեսելով  ավելի կոշտ հայտարարություններ անելու  հայկական կողմի առաջարկը. «Ադրբեջանը կթույլատրի վերցնել հայ օդաչուների դիակները միայն այն ժամանակ, երբ ճիշտ համարի»,-հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը: Իսկ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Էլմին Մամեդովն առավել լկտի պահվածք է դրսևորել՝    զոհված օդաչուների մարմինների փոխարեն պահանջելով ադրբեջանցի դիվերսանտներին: Իհարկե, ղարաբաղյան կողմից  արդեն եղել է պատասխան, որ նման հարց չի կարող քննարկվել, քանի որ նժարի մի կողմում հանցագործներ են, մյուսում՝  ռազմագերիներ:

Եվ քանի դեռ բանակցությունների միջոցով  պատկան  մարմինները փորձում են  պարզել  խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը կամ նրանց դիակները հանել ադրբեջանական կրակոցների տակ պահվող չեզոք գոտուց, ՀԱՕԿ պատվիրակությունը պատրաստվում  է մեկնել  Բաքու՝ նոյեմբերի 21-22-ն Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանին մասնակցելու  համար:

Հիշյալ որոշումը կթողնենք առանց մեկնաբանության, միայն հիշեցնենք, որ օլիմպիադան իր մեջ խաղաղության գաղափար է կրում, մինչդեռ Ադրբեջանն ամեն օր ոտնահարում է այն,  մեր հակառակորդն անգամ  չկարողացավ  պահպանել  «օլիմպիական զինադադարը» և Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում  ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծության տակ պահեցին ՀՀ սահմանամերձ  բնակավայրերը:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում