Կենտրոնական բանկը 1.7 մլն դոլար է վաճառել

ՀՀ կենտրոնական բանկը 11-րդ անգամ դոլարի վաճառքի աճուրդ է անցկացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարվել է 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առևտրային բանկերի կողմից ներկայացվել է 1.7 մլն ԱՄՆ դոլարի պահանջարկ: ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել է 1.7 մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 446.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 445.00 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 8-ից հետո, երբ կենտրոնական բանկը հայտարարեց դոլարի վաճառքի աճուրդների անցկացման մասին, արդեն իսկ տեղաբաշխվել է 42 մլն դոլար: ԿԲ-ի կողմից նոր գործիքի ներդրումը նպատակ ուներ կարգավորելու արժութային շուկայում ստեղծված իրավիճակը և հարթելու փոխարժեքի տատանումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում