Նման անհիմն հերյուրանքներ տարածողների դեմն առնելու ժամանակն է

Նման անհիմն հերյուրանքներ տարածողների դեմն առնելու  ժամանակն է

Նման անհիմն հերյուրանքներ տարածողների դեմն առնելու ժամանակն է
Վրացական «Գռուզիա օնլայն» կայքում տպված, այնուհետև մի շարք ադրբեջանական կայքերի կողմից արտատպված , ս/թ նոյեմբերի 13-ին ոմն Կարինե Գրիգորյանի կողմից արված հրապարակումը, ըստ որի իբր թե ես՝ Վահագն Չախալյանս, Ջավախքում կազմավորել եմ 60-70 անձից բաղկացած զինված խմբավորում` ցանկանալով տեղում իրականացնել անհնազանդություն, ծիծաղելի է , անհեթեթություն և իրականանության հետ ոչ մի աղերս չունի:

Պարզորոշ է, որ այս ապատեղեկատվությունը՝ վերակենդանացման փորձեր անող Մ. Սահակաշվիլու պատվերով իրականացված, հերթական հիվանդագին դրսևորման արդյունքն է, հերթական սադրանքը, ձեռագիր՝ որով վերջիններս տարիներ շարունակ ցանկացել և այսոր էլ ցանկանում են Վրաստանի ապակայունացման հետ մեկտեղ թշնամանք սերմանել իրար կողք դարերով համերաշխ ապրած երկու Քրիստոնեա ժողովուրդների միջև :

Ինչպես իմ, այնպես էլ ջավախահայության համար խիստ կարևոր է Ջավախքի և ողջ տարածաշրջանի կայունության պահպանումը և խաղաղ, բնականոն զարգացումը, որի համար մենք չենք խնայել և հետագայում ևս չենք խնայելու ոչ մի միջոց ու ջանք:

Իմ ազատ արձակաման լուրից «ցնցված», այդ ցնցումից զբաղեցրած պաշտոնից հրաժարված, այնուհետև այդ  «հայրենանվեր» քայլի համար Պատվո Օրդենի շքանշանի արժանացած այս տիկինի հայտարարությունը, որքան էլ անհեթեթ, այդուհանդերձ իր մեջ պարունակում է ծանրագույն մեղադրանքներ, և շարունակությունն է այն հայատյաց , ազգամիջյան թշնամանք հարուցող հայտարարությունների շքերթին, որոնք տարիներ ի վեր հնչել են Սահակաշվիլու և նրա թիմակիցների շուրթերից: Ելնելով այդ հանգամանքից՝ կոչ եմ անում Վրաստանի պատկան մարմիններին վերջապես միջոցներ ձեռնարկել և պարզել մեղադրանքը հնչեցրած անձնավորության  «աղբույրները», ինչպես նաև պարզել սադրիչ ապատեղեկատվության հրապարակման իրական պատվիրատուներին, վերջիններիս հետապնդած իրական նպատակները և պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին:

Վրաստանի և ոչ մի քաղաքացի, անգամ կորցրած պաշտոնը հետ բերելու հիվանդագին մոլուցքից տառապող ՝ Միխայել Սահակաշվիլին, իրավունք չունի ազգամիջյան ատելություն և անվստահություն առաջացնող հայտարարություններ տարածել, անկախ նրանից , թե որ ազգի, կամ կրոնի ներկայացուցչի բերանով է այն տարածում …

Վահագն ՉԱԽԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում