Հարձակում Բերդի մարտական դիրքերի ուղղությամբ. ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեդեկացնում է, որ այսօր ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է  ձեռնարկել:

«Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական  ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերահսկում են մարտական իրավիճակը»,-գրել է նա:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հաստատելով ասվածը, նաև արձանագրելով սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումները.

«Հունվարի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին  խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը:

Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել:

Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

ՀՀ  զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով և այսուհետ ևս կձեռնարկեն իրավիճակին համարժեք  գործողություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում