Հայաստանին անհրաժեշտ է ռազմական իրավիճակին համարժեք դիվանագիտություն

Հայաստանին անհրաժեշտ է ռազմական իրավիճակին համարժեք դիվանագիտություն

Երկարատև պատերազմի նախապատրաստվելու` օրեր առաջ հնչեցրած առաջարկս, կարծես, լուրջ ընդդիմախոսության այդպես էլ չհանդիպեց։ Հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակն ու լարվածության շարունակական աճը թույլ են տալիս ենթադրելու, որ կողմերն իրական պատերազմ են վարում միմյանց դեմ։ Այո, սա այն պատերազմը չէ, որին սպասում էին հայ և ադրբեջանցի հասարակությունները, իր ձևով և ծավալներով զգալի զիջում է 90-ականներին տեղի ունեցած ռազմական գործողություններին, բայց, այնուամենայնիվ, սա նույնպես պատերազմ է և այն ընթանում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հետևաբար ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու և դրան համապատասխան ներքին ու արտաքին քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն է առաջացել։ Ընդ որում, որքան շուտ Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ լինեն այդ գործին, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք հաղթող դուրս կգանք նաև երկարատև այս նոր հակամարտության մեջ։

Փաստ է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեության արդյունավետությամբ զգալի զիջում է պաշտպանական գերատեսչությանը։ Թշնամու ակտիվությունը զսպելու երկու կարևոր գործոններից մեկը` դիվանագիտությունը, ասյօր գրեթե չի աշխատում։ Եվ այս հարցում պատասխանատվության հիմնական չափաբաժինն ընկնում է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուսերին։ Վերջինս իր պաշտոնավարման 7 տարիների ընթացքում ոչ միայն չի կարողացել ստեղծել Ադրբեջանի վրա արտաքին ճնշման քիչ թե շատ ազդեցիկ լծակներ, այլև երկրի ներսում չի ձևավորել պրոֆեսիոնալների այն թիմը, որը կարող էր արժանվագույնս զբաղվել հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող խնդիրներով։

Իրավիճակը սահմանում այսօր գտնվում է մեկ իրականության մեջ, դիվանագիտությունը` մեկ այլ։ Ընդ որում, նշված հակասությունն ի հայտ է եկել դեռևս 2012-ի օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական կողմը կարողացավ կազմակերպել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան։ Այդ գործընթացն ու դրան հետևած քաղաքական զարգացումները տակնուվրա արեցին հայ-ադրբեջանական հարաբերություններում մինչ այդ ձևավորված բոլոր նախագծերն ու սխեմաները։ Մինչդեռ Սաֆարովի արտահանձնումն այդպես էլ չփոխեց հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Բանակցությունների վրա, ըստ էության, չանդրադարձան նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, սադրիչ գործողությունների թվի կտրուկ աճը, գերի ընկած հայ գյուղացիների խոշտանգումներն ու սպանությունները, խաղաղ բնակչության ոչնչացմանն ուղղված գործողությունները, մշտական դիվերսիոն փորձրն և այլն։ Միակ ձեռքբերումը, որի մասին խոսում է ՀՀ ԱԳՆ-ն` միջնորդների և հայկական կողմի դիրքորոշումների համահունչ լինելն է։ Համաձայնվեք` կասկածելի ձեռքբերում է։

Պարզ է, որ նման արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանի հետ երկարատև հակամարտության մեջ հաջողություններ ունենալու հույսերը, մեղմ ասած, քիչ են։ Իսկ եթե այս ամենին գումարենք նաև Թուրքիայի գործոնը, ապա նկարն էլ ավելի ամբողջական կդառնա։ Իրավիճակը բարդացնում է նաև այն փաստը, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես նշել եմ արդեն հիշատակված հոդվածում, Ադրբեջանի ակտիվությունը զսպելու արտաքին ազդեցության գործոնը` ռուս-արևմտյան համագործակցությունը մեր տարածաշրջանում, նույնպես բացակայում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են փակուղում։ Մի կողմից, կարծես, իրավիճակը փրկելու համար նրանք ամեն ինչ անում են, մյուս կողմից` ակնհայտ է, որ միայն միջնորդների ջանքերը բավարար չեն։ Ձևավորված իրողությունը փոխող քաղաքական վճռական քայլեր են անհրաժեշտ։ Եվ դա պետք է անի Հայաստանը։

Իրականում հայկական կողմն իրավիճակը փոխելու շատ տարբերակներ ունի։ Կարելի է, օրինակ, բանակցությունները շարունակելու նախապայմաններ առաջադրել։ Կամ սկսել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը։ Կամ երկու հայկական պետությունների միավորման գործընթաց սկսել։ Վստահ եմ` այս ուղղությամբ ավելի երկար մտածելու պարագայում, կարելի կլինի նման մի քանի լուծումներ ևս գտնել։ Տեխնիկայի հարց է։ Բայց նախ և առաջ պետք է դադարել Հայաստանի Հանրապետությունը հայ-ադրբեջանական հակամարտությունից արհեստականորեն դուրս տեսնելու մարտավարությունը։ Հատկապես հիմա, երբ Հայոց ցեղասպանության տարելիցին հստակ երևում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ընդամենը հայ-թուրքական ավելի մեծ հակամարտության բաղկացուցիչ մասն է (այս մասին կանդրադառնամ մեկ այլ հոդվածում – Հ.Մ.-Շ.)։ Հայաստանի դեմ պայքարի հարցում պաշտոնական Բաքուն և Անկարան համատեղել են իրենց ջանքերը և այսօր գործում են միասնական օրակարգով ու դիրքորոշմամբ։ Ավելին` հենց Թուրքիան է առաջնագծում մղում Ադրբեջանին սադրիչ գործողությունների։ Առանց Անկարայի բացահայտ աջակցության, Ալիևը չեր կարող և չէր էլ համարձակվի իրավիճակն մինչ այս աստիճան սրել։ Բայց հիմա թշնամին ունի նման հնարավորություն և, բնական է, փորձելու է առավելագույնս օգտվել դրանից։

Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այս ամենը հիանալի տեսնում է։ «Միջազգային քաղաքականություն» հանդեսում վերջերս հրապարակված իր հոդվածում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գրել է, թե Ադրբեջանը «կորցրել է իրականության զգացումը և ջանք չի խնայում՝ խափանելու խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները»: Ողջ խնդիրը սակայն նրանում է, որ Նալբանդյանն ու իր ղեկավարած գերատեսչությունը այդպես էլ չեն ուզում համակերպվել այն մտքին, որ Ադրբեջանը ոչ թե կորցրել է իրականության զգացումը, այլ ստեղծել է նոր իրականություն։ Իրավիճակ, որտեղ, այո՛, հակառակորդը ջանք չի խնայում բանակցությունները խափանելու համար։ Ավելին` Ադրբեջանին արդեն հաջողվել է լուծել այդ խնդիրը։ Բանակցային գործընթացից միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է մնացել։ Այն էլ խիստ սահմանափակ հնարավորություններով։ Օրերս գերմանական Մյունխենում անցած Անվտանգության համաժողովում միջնորդներին անգամ չհաջողվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել։ Չնայած համանախագահների բոլոր հորդորներին և Ադրբեջանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին` Ալիևը շարունակում է ռազմատենչ հայտարարություններով հանդես գալ և միջազգային ամենաբարձր ամբիոններից հայերի վրա կրակելու սպառնալիքներ հնչեցնել։

Բանակցային գործընթացի շուրջ ստեղծված այսպիսի զարգացումների ֆոնին, հարցը խաղաղ լուծելու հայկական կողմի ցանկությունը, ցավոք, իրատեսական չէ։ Հնարավոր չէ խաղաղություն կառուցել, եթե թշնամիդ պատերազմի է պատրաստվում։ Հետևաբր անհրաժեշտ է վերանայել մեր մոտեցումները։ Հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում։ Խնդիրն արդեն օրհասական է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում