Բարոյական ոչ թե իրավունք, այլ պարտավորություն կա Արցախը Հայաստանի անբաժանելի մաս համարելու. ԼՂՀ վարչապետ

Բարոյական ոչ թե իրավունք, այլ պարտավորություն կա Արցախը Հայաստանի անբաժանելի մաս համարելու. ԼՂՀ վարչապետ

Արցախյան շարժման 27-ամյակի առթիվ «Դեպի միացում»  կամ  «Բաժանում  միացումից հետո» խորագրով հարցազրույցների շարքի Times.am-ի զրուցակիցն այս անգամ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն է:

– 1988 թվականի փետրվարի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով: Իսկ արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ և տեղի ունեցավ արցախյան առաջին ցույցը Երևանում: Ավելի ուշ՝ 1989-ի դեկտեմբերի մեկին, Երևանում կայացած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում` Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Բայց հետո «Միացումից» հեռացանք և ունեցանք Անկախ Արցախ և Անկախ Հայաստանի Հանրապետություն: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ վերամիավորման ակտը մնաց թղթի վրա, ո՞ւմ մեղքով, որքանո՞վ էր դա արդարացված կամ օբյեկտիվ, որքանո՞վ՝ ոչ:

– Չէի ցանկանա պատմության «եթե»-ների հարցերում խորանալ, քանի որ դա առավելապես պատմաբանների գործը կհամարեի: Բոլորիս հայտնի է, թե ինչ պատճառներով ու հիմքերով է այդ որոշումը կայացվել. Այն է՝ տվյալ ժամանակաշրջանի իրավական և աշխարհաքաղաքական հանգամանքները ստիպեցին գնալ անկախության, ոչ թե վերամիավորման ճանապարհով: Այժմ կա այն, ինչ կա. անհրաժեշտ է գործել ներկա իրադրությանը համապատասխան: Կարծում եմ՝ փաստացի վերամիավորումն անժխտելի իրականություն է, իսկ իրավականի համար դեռ ճամփա ունենք անցնելու:

– Ավելի քան 25 տարի անց երկրի ներսում «Միացման» պայքարի անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով բերձորյան բաժանումը: Այս և այլ իրողությունները նկատի առնելով, որքանո՞վ ենք պատրաստ վերամիավորմանը՝ քաղաքական ղեկավարություններից մինչև շարքային քաղաքացի: Երկրորդ՝ որքանո՞վ է ներքին ինտեգրացումը մեզանում ստացված առանձին գոյության պարագայում՝ տարբեր մակարդակներում:

– Կարծում եմ՝ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունն Արցախը զգում է միավորված ՀՀ-ի հետ՝ մեկ Հայաստանում՝ որոշ առանձնահատկություններով հանդերձ: Այդ առանձնահատկությունները գալիս են օբյեկտիվ իրականությունից՝ ԼՂՀ կարգավիճակից: Այնուամենայնիվ, և՛ օբյեկտիվորեն, և՛ սուբյեկտիվորեն ՀՀ և ԼՂՀ ինտեգրացումն իրականություն է բազմաթիվ ուղղություններում՝ ազգային ինքնություն, անվտանգություն, տնտեսություն և այլն: Իսկ միակ հիմնական տարբերությունը ներքաղաքականն է, ինչն էլ տրամաբանական է հռչակված երկու պետությունների գոյության և դրանից բխող այլ հանգամանքների պայմաններում:

Արցախի միջազգային ճանաչումը չի՞ հեռացնում այս տեսլականը: Ավելին՝ վերամիավորման կողմնակիցներն անընդհատ հիշեցնում են, որ պատմությունը ցույց է տվել, որ երկու պետականություն ունենալը, բնավ, նպաստավոր չէ, ինչը այլ ազգերի դեպքում կարող ենք տեսնել:

-Միանշանակ է, որ վերամիավորման համար ավելի ցանկալի է ուղիղ, քան միջնորդավորված ճանապարհը, սակայն միշտ չէ հնարավոր ուղիղ ճանապարհով հասնել վերջնակետին: Ուստի, կարծում եմ, եթե ԼՂՀ միջազգային ճանաչումը միջանկյալ նպատակ է՝ վերամիավորման հեռանկարով, ապա այն չի հեռացնում Ձեր նշած տեսլականը, մանավանդ որ ընտրված ուղուն այլընտրանք չկա առկա պայմաններում:

– Բարոյական իրավունք կա՞ Արցախը ՀՀ մարզ համարելու:

– Բարոյական ոչ թե իրավունք, այլ պարտավորություն կա Արցախը Հայաստանի անբաժանելի մաս համարելու:

– Մայիսին Արցախում խորհրդարանական ընտրություններ են, ինչպե՞ս է գնում սրան Արցախը՝ ներքին և արտաքին առումներով:

– Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, պետական պատասխանատու մարմիններն ու կուսակցությունները հանգիստ կերպով նախապատրաստվում են ընտրություններին: Մենք այն գիտակցությամբ ենք գնում մայիսի 3-ին ընդառաջ, որ այն Արցախի ժողովրդավարության կայացման և բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման, ոչ թե որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար է: Համոզված եմ՝ այս ընտրությունները ևս աչքի կընկնեն իրենց ժողովրդավարական ընթացքով՝ դառնալով նոր խթան ԼՂՀ պետական համակարգի արդյունավետության բարձրացման համար:

– 2015-ը յուրահատուկ տարի է, Արցախն այսպես ասած՝ հատուկ պատրաստություն տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով սահմանին լարվածությունը սրվելու պահը, աշխարհաքաղաքական շահերը, գիտենք, որ աշխարհին մարտահրավեր է նետված՝ գալ Հայաստա՞ն, թե՞ Թուրքիա:

– Ցանկացած պահի Արցախը պատրաստ է դիմակայելու սահմանային լարումներին, սակայն այս տարի, հիրավի, հակառակորդի մանր արկածախնդրությունների հավանականությունը բարձր է՝ թյուրքական համերաշխությամբ և այլ գործոններով պայմանավորված: Հավելյալ քայլեր արդեն նախաձեռնվել են ԼՂՀ իշխանությունների կողմից՝ բարձրացնելու համար հանրապետության պաշտպանունակությունը՝ հաշվի առնելով նաև նախորդ տարվա լարվածության փորձառությունը: Համոզված եմ՝ ՀՀ-ը և ԼՂՀ-ն ի վիճակի են արժանապատիվ պատասխան տալ ադրբեջանա-թուրքական սադրանքներին՝ հիմքում ունենալով հայրենիքի և հայ մարդու անվտանգությունը:

– Սահմանին լարվածության ֆոնին ՀՀ ղեկավարությունը բավականին կոշտ հայտարարություն արեց՝ հայկական կողմին վերապահելով կանխարգելիչ հարվածների իրավունք, հայկական դիվանագիտությունն ի վիճակի՞ է այդ գործողությունները մարսել տալ միջազգային արտաքին քաղաքական հարթակում և հայամետ կամ հայանպաստ տրամադրություններ կամ իրավիճակ շահել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

– Առաջին հերթին՝ մեր սահմանների անվտանգությունն է կարևոր մեզ համար՝ անկախ արտաքին ընկալումներից, և համոզված եմ, որ ՀՀ ղեկավարությունը գործում է այդ տրամաբանությամբ: Այնուամենայնիվ, չանտեսելով դիվանագիտության նշանակությունը՝ ընդունում եմ, որ այն անվտանգության աջակից տարրերից մեկն է: Այս տեսանկյունից, կարծում եմ, միջազգային հանրությունը քաջ գիտակցում է, որ լարվածությամբ հետաքրքրված է միայն պաշտոնական Բաքուն, և, հետևաբար, զինադադարի պահպանման նպատակով ճնշում պետք է գործադրվի հենց այդ կողմի վրա: Ասածիս ապացույց կարող է լինել Մինսկի խմբի համանախագահների վերջերս տարածված հայտարարությունը, որում միջնորդներն ուղիղ կերպով Ադրբեջանին էին մեղադրում լարվածություն հրահրելու մեջ:

– Վերջում չանտեսենք նաև տնտեսական հավակնություններն Արցախի, ի՞նչ առաջնահերթություններ են օրակարգում, ի՞ նչ քայլեր պիտի արվեն ՝հաշվի առնելով նաև ՀՀ-ի տնտեսական ընտրությունը:

– Գլխավոր առաջնահերթությունը ՀՆԱ-ի աճի բարձր տեմպի պահպանումն է՝ տարեկան 8-10 տոկոսի շրջանակներում: Շարունակելու ենք նախընթաց ծրագրերը, ինչպես նաև հիմք ենք դնելու նոր նախագծերի իրագործմանը: Հաշվի առնելով ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ բնականաբար, համապատասխան խմբագրումներ ենք կատարելու մեր տնտեսական քաղաքականության մեջ, սակայն դրանք ավելի շոշափելի են լինելու միջնաժամկետ հատվածում, քանի որ անհրաժեշտ է կիրառության մեջ հասկանալ նոր պայմանների տրամադրած հնարավորությունները: Հպանցիկ կարող եմ նշել ուղղություններից մեկը. Այն է՝ ավելի ենք խթանելու գյուղատնտեսական ապրանքների վերամշակման արտադրությունը և դրա արտադրանքի արտահանումը:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում