Ալիևը Օբամային՝ «Հիմարը դու ես»

Ալիևը Օբամային՝ «Հիմարը դու ես»

«Ադրբեջան» կառավարական թերթը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հռչակել է բռնակալ,  ում  մոտ  նկատվում  են սահման չունեցող հեգեմոնիայի նշաններ: «Անսահման հեգեմոնության» մեղադրանքը  թերթը հաստատել է ազգային իրենց  իրավունքները պաշտպանել փորձող երկրների օրինակով: Խոսքը, մասնավորապես, մուսուլմանական  երկրների մասին է, որոնք  ԱՄՆ-ի կողմից պարբերաբար  ճնշումների են ենթարկվում:

Պարբերականը հեգնում է, թե այսօր Աֆղանստանում,  Իրաքում,  Սիրիայում, Եգիպտոսում, Լիբիայում և այլ երկրներում ժողովուրդը պետք է հենց Օբամային «շնորհակալ»  լինի  «ժողովրդավարություն»  և  «բարեփոխում»  քողի տակ վարվող    քաղաքականության  ձախողումների  համար:

««Գրավիր Ուոլ սթրիթը», Ֆերգյուսոնի դեպքը և այլ փաստեր հաստատում են, որ ԱՄՆ-ում մարդիկ չեն կարող սեփական կարծիքն ազատ արտահայտել, նրանց  թույլ չեն տա իշխող ռեժիմի դեմ դուրս գալ, նրանք անզոր են անգամ իրենց էլեմենտար  իրավունքները  պաշտպանել»,- գրում է թերթը:

Voskanapat.info-ն հիշեցնում է, որ նախօրեին հեղինակավոր «The Washington Post»-ը հոդված էր հրապարակել, որտեղ  պնդում էր, թե Ալիևի մոտ  առկա են խելագար դեսպոտիզմի նշաններ: Որպես ապացույց պարբերականը հիշեցրել էր  Ադրբեջանում ազատությունից խոսող լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, փաստաբանների  ձերբակալություններն ու հետապնդումները:

«Ալիևը զգալով  նավթային եկամուտների անկումը, որի վրա տարիներ շարունակ հենվել է նրա ռեժիմը,  վերացնում է բոլոր նրանց,  ովքեր  դուրս  են գալիս իր դեմ»,- ասվում է հոդվածում՝ ընդգծելով, որ պարոն Ալիևի սիրած գործիքներից, մեթոդներից մեկը քննադատության կամ քննադատողների  ձայնի խլացումն է՝ նախադատավարական կալանքի միջոցով:

«The Washington Post»-ը  հիշեցնում է, որ համաձայն ադրբեջանական օրենսդրության՝ այն կարող է կիրառվել սահմանափակ դեպքերում, ավելին՝ այն սահմանելը դատարանների, ոչ թե դատախազության իրավունքն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցած տարի նկատել էր, որ ադրբեջանական դատարանները շատ հաճախ  ավտոմատ կերպով  բավարարում են դատախազության կալանքի միջնորդությունը:

Իր հերթին «Ադրբեջան»-ը  հիշեցրել է Գուանտանամոյի «հալածյալների» մասին, որոնցից շատերի վերաբերյալ  դեռ  մեղադրանք, դատավճիռ չկա: Թերթը հիշեցրել է  Սնոուդենին, ով ստիպված էր ապաստան գտնել Ռուսաստանում՝ վախենալով սեփական կյանքի համար, ինչպես նաև Ասանժին, ով ստիպված է ապրել Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը և այլն:

«Եթե Օբաման շարունակի իր հեգեմոն,  բռնակալ, արյունարբու քաղաքականությունը, ապա ԱՄՆ-ի դեմ դուրս կգա ամբողջ աշխարհը և  առաջնեկի երազանքը չի իրականացվի»,- նշվում է ադրբեջանական  հոդվածում:

Այսպիսով, «Ադրբեջան» թերթի հոդվածը հրապարակային պատասխան էր Ադրբեջանի նախագահին հասցեագրված մեղադրանքին: Ասել է թե՝ Իլհամ Ալիևը Օբամային հստակ պատասխան տվեց՝ «հիմարը դու ես»:

Voskanapat.info

Հետևեք մեզ նաև Telegram-ում