Ադրբեջանը դարձյալ խախտել է ժնևյան կոնվենցիան և հարցազրույց վերցրել գերուց. ՊԲ-ն հայտարարություն կանի

Ադրբեջանը դարձյալ խախտել է ժնևյան կոնվենցիան և հարցազրույց վերցրել գերուց. ՊԲ-ն հայտարարություն կանի

Ադրբեջանական կողմը  հերթական անգամ  խախտել է Ժնևյան կոնվենցիայի պահանջները. ադրբեջանական Anspress գործակալությունը նախ բեմականացում է ներկայացնում, թե ինչպես է ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը հատում սահմանը, ապա՝  հարցազրույց, որտեղ հայ զինծառայողը պատմում է, թե ինչու է անցել հակառակորդի կողմը: Նա խոսում է նաև մեկ այլ զինծառայողի` Մկրտումյանի մասին, ով ևս իբր  ցանկացել է  հատել սահմանը: 

Արցախի կողմից Ադրբեջան անցած զինծառայողի մասնակցությամբ տեսանյութի առնչությամբ պաշտպանության բանակը հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

NewsBook-ի հետ զրույցում էլ ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրել է, թե սահմանը հատած և Ադրբեջանի տարածքում հայտնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մոտ վերջին շրջանում հոգեկան շեղումներ են նկատվել։ 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող,1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող  զինծառայողի կողմից)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում