Հայ թատրոնի ծննդոցը. Այսօր թատրոնի միջազգային օրն է

Հայ թատրոնի ծննդոցը. Այսօր թատրոնի միջազգային օրն է

                                       Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է:              

Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ողջ աշխարհում: Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝ կազմակերպության գործունեությունն ուղղված է «ազգերի միջև ընկերության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական համույթների միջև համագործակցության ընդլայնմանը»: Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (Jean Cocteau, 1889-1963թթ.) 1962 թվականին: Թատրոնի միջազգային ինստիտուտի անդամակցության հրավեր Խորհրդային միությունն ստացել է  արդեն 1959 թվականին:

                                    ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԾՆՆԴՈՑԸ

Առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից: Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։ Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69թ․ Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ․թ․ա․ 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ: Իսկ մ.թ.ա 53թ. բեմադրվել է  Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը:

Սկսած մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին։ Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բ-ի ողբերգություններից  հատվածներ՝ գրված հունարեն:

Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը։ 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները (ձայնարկու գուսանները և ողբերգու գուսանները) խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում:

Հայկական թատրոնը միջնադարում (4-15-րդ դար)

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստի վրա։ Չնայած դրան շարունակվում էին ներկայացումներ բեմադրվել անտիկ դրամատուրգների (Մենանդրոսի, Եվրիպիդեսի), ինչպես նաև հայ կատակերգակների, ողբերգակների ստեղծագործություններից։ Ավելին՝ թատերական ներկայացումների հանրահայտությունը դրդում է հոգևորականությանը եկեղեցական ծիսակատարությունների մեջ ներառել թատերականացված տարրեր։ Օրինակ՝ պատարագային դրամայից է առաջացել քրիստոնեական կրոնական դրաման, որը համարվում է ֆեոդալական դարաշրջանին բնորոշ ծնունդ։

6-7-րդ դարերի հայտնի գիտնական փիլիսոփաների աշխատությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանում թատրոնը երևելի տեղ է գրավել հայ հասարակության կյանքում։ Ուշ միջնադարում թատերական ներկայացումներ են բեմադրվել նաև Վասպուրականի, Անիի և Կիլիկիայի թագավորություններում։  Ենթադրվում է, որ Աղթամար կղզում նույնպես թատերախմբեր են հանդես եկել։ 10-րդ դարում կառուցված Աղթամարի տաճարի պատերին պատկերված են հայկական թատրոնի դիմակներ՝ նրա 2 տարատեսակներով. կենցաղային կատակերգության և ծաղրածուի դիմակներ։ 12-րդ դարում Կիլիկիայի թագավորությունում կազմավորվում է հայկական թատրոն, որը աստիճանաբար դառնում է հայ մշակույթի կենտրոններից մեկը։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում նաև հայ դրամատուրգիայի առաջին պահպանված ստեղծագործությունները՝ Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»։

Հայկական թատրոնը 15-18-րդ դարերում

14-րդ դարի վերջին՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո, հայ ժողովուրդը կորցնում է իր ազատությունը։ Օտարերկրյա կապանքները անդրադառնում են նաև արվեստի վրա։ 15-16-րդ դարերում թատերական արվեստը զգալիորեն անկում է ապրում։ Հայկական նոր թատրոնը առաջացել է 17-18-րդ դարերում։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը հաղորդում է 3 գործողությամբ մի կատակերգության մասին, որը բեմադրել են հայ գուսանները, և որը նա տեսել է 1664թ. Երևանի քաղաքային հրապարակում։ Հայկական նոր թատրոնը զարգանում է հայ գաղթականների շրջանում։ 1668թ.-ից հայտնի են հայկական դպրոցական թատրոններ (եկեղեցական և աշխարհիկ) այն քաղաքներում, որտեղ կային հայկական գաղութներ (Լվով, Վենետիկ, Վիեննա, Կոստանդնուպոլիս, Մադրաս, Կալկուտա, Թբիլիսի, Մոսկվա, Դոնի Ռոստով)։ Այս թատրոնները, որոնք դասական ուղղվածություն ունեին, արտահայտում էին ազգային ազատագրական շարժման գաղափարներ։ Պահպանվել է «Սուրբ Հռիփսիմեի չարչարանքները», որը բեմադրվել է 1668 թվականին Լվովի հայկական դպրոցում։

Հայկական թատրոնը 19-րդ դարում

Արևելյան Հայաստան

1827 թվականին արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին առանցքային դեր խաղաց նոր ժամանակաշրջանի թատրոնի զարգացման գործում,  մասնավորապես՝ արևելահայության թատերական կյանքում, քանի որ թատերական գործիչները հնարավորություն ստացան ավելի սերտ շփվել ռուսական մշակույթի հետ։ Հատկանշական է այն, որ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» ստեղծագործության առաջին բեմադրությունը, որին ներկա էր նաև հեղինակը, բեմադրվել է Երևանում 1877 թվականի դեկտեմբերին։

Արդեն 1820-ական թվականներին Թիֆլիսի Ա. Ալամդարյանի հայկական սեմինարիաներում և Կարասուբազարում (այժմ՝ Բելոգորսկ) բեմադրվեցին հայկական առաջին սիրողական դպրոցական ներկայացումները։ Կարևոր իրադարձություն էր 1836 թվականին Թիֆլիսում Գ. Շերմազանյանի կողմից «Շերմազանյան դարպաս» թատրոնի ստեղծումը, որտեղ 1842 թվականին բեմադրվել է նրա «Եպիսկոպոս Կարապետի մի քանի գործերի նկարագրումը» («Описание некоторых делишек епископа Карапета») կատակերգությունը, որը քննադատում էր հոգևորականությանը, առևտրականներին և պաշտոնյաներին։

1859 թվականին հայ ականավոր գրող Միքայել Նալբանդյանը Մոսկվայի հայ ուսանողների կողմից բեմադրված ներկայացումների (Ս. Վանանդեցու «Արիստակես» պատմական ողբերգությունը և Ն. Ալադատյանի «Կորան իմ 50 չերվոնեցները» կենցաղային կատակերգությունը) գրախոսականում հայտնեց իր կարծիքը թատերական արվեստի դերի և նշանակության վերաբերյալ, որը տեսական հիմք դարձավ հայկական ժողովրդավարական թատրոնի հետագա զարգացման համար։1863 թվականին Գևորգ Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում ստեղծվում է հայկական թատրոն. իսկ 1865թ Երևանում բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները:

Արևմտյան Հայաստան

Արդեն 1810 թվականին Կոստանդնուպոլսում, որը համարվում էր արևմտահայերի մշակութային կենտրոնը, Մ. Բժիշկյանի ղեկավարությամբ բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները։ Պատմական կարևոր նշանակություն ուներ Հովհաննես Գասպարյանի «Արամյան թատրոն»-ը (1846-1866թթ.), որը պահպանեց հին հայկական թատրոնի ավանդույթները։ Պոետ-դրամատուրգ Մ. Պեշիկթաշլյանը 1856 թվականին հիմնադրում է հայկական ազգային թատրոն։ Պատմական կարևոր իրադարձություն է դառնում Հակոբ Վարդովյանի կողմից «Արևելյան թատրոն»-ի հիմնումը 1861 թվականին, իսկ 1869 թվականին Կոստանդնուպոլսում ստեղծում է «Վարդովյան թատերախումբ»-ը, որը գործում է մինչև 1877 թվականը՝ ռուս-թուրքական պատերազմի սկսվելը։ 1873թ ստեղծվում է մի թատերախումբ, որը ղեկավարում էր դրամատուրգ, դերասան և ռեժիսոր Էմին Տեր-Գրիգորյանը։ 1870-ական թվականների վերջերին թուրքական կառավարությունը Կոստանդնուպոլսից վտարեց հայկական թատրոնները։ Այդ թվականին Կոստանդնուպոլսից Անդրկովկաս տեղափոխվեցին բազմաթիվ հայ դերասաններ, որոնց թվում են Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Աստղիկը, Ազնիվ Հրաչյան, Մ. Մնակյանը և այլք։Ի դեպ, արևմտահայկական դրամատուրգիան զարգանում էր Մ. Պեշիկթաշլյանի, Ս. Հեքիմյանի, Պետրոս Դուրյանի և Տ. Թերզյանի ստեղծագործություններով։

Անդրկովկաս

Երկար ժամանակ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը Անդրկովկասի մշակութային կենտրոնն էր։ Նրա հետ են կապված հայ ժողովրդի թատերական ավանդույթները։ Թիֆլիսում 1824 թվականից սկսած հայկական Ներսիսյան դպրոցում ներկայացումներ էին բեմադրվում հայերեն լեզվով, իսկ հետագայում այդ ներկայացումները ցուցադրվեցին նաև քաղաքի այլ բեմերում։ Արդեն 1856 թվականին ստեղծվում է պրոֆեսիոնալ հայկական թատրոն՝ պրոֆեսիոնալ թատերախմբով, որը գլխավորում էր Գևորգ Չմշկյանը։ Նրա ղեկավարությամբ թատրոնում մեծացել է դերասանների առաջին սերունդը՝ Մ. Ամրիկյան, Ա. Սուքիասյան, Ամիրան Մանդինյան, Ս. Մատինյան, Կ. Արամյան, Գեդեոն Միրաղյան, Ս. Շահինյան, Սաթենիկ և այլք։ Այդ ժամանակաշրջանում թատրոնի հետ համագործակցել են դրամատուրգներ Ն. Ալադադյանը, Նիկողայոս Պուղինյանը, Մ. Տեր-գրիգորյանը և իհարկե հայկական ռեալական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը։ Թիֆլիսը ոչ միայն տեղի հայ դերասանների թատերական կենտրոն էր, այլ նաև խթանում էր հայ տաղանդավոր դերասանների ի հայտ գալուն, ինչպիսիք էին Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Դ. Տուրյանը և շատ ուրիշներ:1880-ական թվականների թատրոնի զարգացման մեջ մեծ դեր խաղաց ողբերգակ դերասան Պետրոս Ադամյանը, ով իր աշխատանքներում արտահայտում է իր բողոքը սոցիալական և ազգային ճնշման հանդեպ։ Սունդուկյանի պիեսներում Ադամյանը ստեղծել է հրաշալի ռեալական կերպարներ։

Թատրոնի հետագա զարգացումը կապված է ինչպես Հակոբ Պարոնյանի դրամատուրգիայի հետ, ով ստեղծել է այնպիսի երգիծական կատակերգություններ, ինչպիսիք են «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», «Շողոքորթը», այնպես էլ Ալեքսանդր Շիրվանզադեի դրամատուրգիայի հետ, ով այնպիսի հայտնի ռեալական հոգեբանական դրամաների հեղինակ է, ինչպիսիք են «Պատվի համար», «Նամուս», «Չար ոգի», «Ավերակների վրա»։

Հայկական թատրոնների խաղացանկի մեջ հայտնի էր նաև Էմին Տեր-Գրիգորյանի ստեղծագործությունները՝ «Բարեգործության դիմակի տակ», «Զրկանքի զոհ»։ Ռոմանտիկ տենդենցով հագեցած է Մուրացանի ստեղծագործությունները՝ «Ռուզան» պատմական դրաման։ Հայկական թատրոնում ռեալական ուղղվածությունը պահպանել են դերասաններ Ալեքսանդր Աբելյանը, Սիրանույշը, Պողոս Արաքսյանը, Ա. Հարությունյանը, Արմեն Արմենյանը, Արամ Վրույրը, Գրիգոր Ավետյանը, Օվի Սևումյանը, Գևորգ Պետրոսյանը, Օլգա Մայսուրյանը, Զաբելը, ովքեր խաղացել են Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում։

                 Հայկական թատրոնը 1900-1920-ական թվականներին

Հայկական թատրոնը զգալի վերելք է ապրել 1905-1907 թվականներին: Թիֆլիսում ստեղծվում են հանրամատչելի թատրոններ՝ «Ավչալյան լսարանը» (1901թ), «Մուրաշկո թատրոնը» (1902թ), «Արաքսյանի հավլաբարյան թատրոնը» (1903թ), «Զուբալովի անվան ժողովրդական տունը» (1909թ)։ Հայկական սիրողական թատերախմբերը հանրամատչելի ներկայացումներ են բեմադրում Երևանում, Ալեքսանդրապոլում, Բաթումում, Շուշիում, Ելիզավետպոլում (Կիրովաբադ)։ Այս թատրոններից որոշները գործել են ընդհուպ մինչև 1914 թվականի առաջին համաշխարհային պատերազմը։ Ժողովրդական թատրոնների գործունեության մեջ իրենց ներդրումն ունեն հետևյալ դերասանները և ռեժիսորները՝ Պողոս Արաքսյան, Ամո Խարազյան, Գրիգոր Տեր-Գրիգորյան, Վահան Գալստյան, Մ. Գավրոշ, Դավիթ Գուլազյան և այլք։1910-ական թվականներին հայտնվում են նոր դերասաններ, ովքեր դառնում են բեմի վարպետներ՝ Հասմիկ, Իսահակ Ալիխանյան, Պետրոս Ադամյան, Օլգա Գուլազյան, Քնարիկ, Միքայել Մանվելյան, Արշակ Մամիկոնյան, ավելի ուշ՝ Արուս Ոսկանյան, Վահրամ Փափազյան, Հովհաննես Զարիֆյան, նոր դրամատուրգ՝ Լևոն Մանվելյանը։ Քաղաքական անօրինականությունները, ազգային ճնշումները խոչընդոտում էին ազգային թատրոնի զարգացմանը։ Նյութական և կազմակերպչական աջակցության բացակայությունը, գրաքննական ճնշվածությունը խանգարում էին բեմական արվեստի զարգացմանը։ Եվ 1918-1920թթ-ին թատրոնն ապրեց ամենախորը ճգնաժամը:

Ճգնաժամային փուլից ավարտից մեկ տարի անց՝   1921թ-ի օգոստոսի 16-ին ՀՀ-ում հիմնադրվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:  Նախապես կոչվում էր առաջին պետթատրոն, սակայն,  բացումը տեղի է ունեցել 1922թ-ի հունվարի 25-ին Սունդուկյանի «Պեպոն»  ներկայացմամբ: Առաջին գեղարվեստական ղեկավար է նշանակվել  ռեժիսոր Լ. Քալանթարյանը: Թատրոնում աշխատել են նշանավոր դերասաններ Հասմիկը, Վ. Փափազյանը, Ա. Ոսկանյան, Հ. Ներսիսյան, Ա. Ավետիսյան, Գ.  Ջանիբեկյան և ուրիշներ:

21-րդ դարի թատրոնը և թատրոնի մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն, մասնավորապես՝ ավելի քան տասը տարի  թատերական գործիչները  սպասում են թատրոնի մասին օրենքին: 2004թ.-ից շրջանառության մեջ դրված թատրոնի մասին օրենքի նախագիծն այդպես էլ օրենքի ուժ չի ստանում, և վերջին տարբերակում նախագիծն արդեն  կոչվում է «Թատրոնի և թատերական գործունեության մասին»: Սակայն սա չի խանգարում մասնագիտական օրը նշել հանդիսավորությամբ. ամեն տարի մարտի 27-ին  կազմակերպվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը՝ գնահատելու հաշվետու տարում աչքի ընկած թատրոնի հետ առնչվողներին: Այս տարի «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրվելու է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում