ՀԲ-ի տրամադրած 52 մլն դոլար վարկով Հայաստանը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցը

ՀԲ-ի տրամադրած 52 մլն դոլար վարկով Հայաստանը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցը

Համաշխարհային բանկի տնօրենների գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը: Ֆինանսավորման շնորհիվ կբարելավվի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյ ակի տնօրեն Լորա Բեյլին հայտնեց, որ նախատեսվում է հիմնանորոգել երկու ենթակայան, իսկ ծրագրի երրորդ բաղադրիչը կլինի Կառավարությանը տեխնիկական աջակցության տրամադրումը:

««Աշնակ» ենթակայանի հիմնանորոգումը թույլ կտա կրճատել խափանումների քանակը և տևողությունը: Դրանով կբարելավվի էլեկտրամատակարարման հուսալիությունը շուրջ 120 հազար էլեկտրաէներգիա սպառողների համար: Հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու իմաստով ենթակայանը կարևոր է Հայաստանի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանների սպառողների համար: Իսկ հաջորդը Երևանի ջերմաէլեկտրակայանի ենթակայանի հիմնանորոգումն է, որին բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսը: Ենթակայանի խափանման պատճառով ցանցից անջատվելու դեպքում երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարման ընդհանուր արժեքը զգալի կբարձրանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բեյլին:

Նա հայտնեց, որ այդ աշխատանքները հնարավորություն կստեղծեն խուսափելու էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումներից, ինչպես նաև դրան առնչվող զգալի սոցիալական և տնտեսական ծախսերից:Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանն էլ հայտնեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն:

«Դա թույլ կտա բարելավել համակարգի կառավարումը: Այն կարևորվում է հատկապես առաջնային կարգավարական կենտրոնի տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից»,- ասաց նա:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 միլիոն ԱՄՆ դոլար, որից 17.16 միլիոն ԱՄՆ դոլարը կտրամադրի Կառավարությունը: Համաշխարհային բանկը կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, փոփոխական տոկոսադրույքով՝ 14.5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ընդհանուր ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում