Վերամշակող կազմակերպությունները այս տարի պատրաստ են մթերելու գյուղացիների ողջ արտադրանքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` ապրիլի 1-ին, խորհրդակցություն է հրավիրել ագրոարդյունաբերության ոլորտի միությունների ղեկավարների հետ: «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, սակայն նրա զարգացումն անհնար է պատկերացնել առանց ոլորտում գործող միությունների ակտիվ գործունեության»,,նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, նախարարի խսքով, ագրոարդյունաբերության ոլորտի միություններին հարկավոր է մշակել իրենց ճյուղերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված համապատասխան ծրագրեր և սերտորեն համագործակցել պետական հատվածի հետ:

Նախարարը նաև հավելել է, որ միությունների գործունեության ակտիվացումը բխում է նաև պետության շահերից` նկատի ունենալով Հայաստանի` Եվրասիական տն տեսական միությանը անդամակցելու հանգամանքը:

Հանդիպմանը քննարկվել են նաև վերամշակող ճյուղի ներկա խնդիրները, որոնց թվում առանձնապես կարևորվել է հայկական վերամշակող ընկերությունների արտադրանքի որակի բարելավումը, ինչը թույլ կտա ապահովել տեղական արտադրության մրցունակությունը ԵՏՄ երկրներում:

Անդրադառնալով հանրապետությունում վերջին տարիներին անասնագլխաքնակի աճին և դրանից բխող մսամթերքի արտադրության ծավալների ավելացմանը` նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև տեղական մսի իրացման, ինչպես նաև տեղական մսամթերքի արտահանման խնդրի կարևորությանը:

Քննարկմանը վերստին հաստատվել է, որ այս տարի ևս վերամշակող կազմակերպությունները պատրաստ կլինեն մթերել գյուղացիներից ամբողջ արտադրանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում