ՌԴ առաքելությունը դիմում է ՄԱԿ-ի երկրներին` ԼՂՀ ԱԺ ընտրությունները ճանաչելու պահանջով

ՌԴ առաքելությունը դիմում է ՄԱԿ-ի երկրներին` ԼՂՀ ԱԺ ընտրությունները ճանաչելու պահանջով

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՌԴ պատվիրակությունը դիմում է միջազգային կազմակերպություններին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին քայլեր ձեռնարկելու ԼՂՀ ընտրությունները միջազգային բոլոր չափորոշիչներով ճանաչելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մայիսի 4-ին ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ դիտորդական առաքելության ղեկավար, ՌԴ պետական դումայի «Յաբլոկո» խմբակցության պատգամավոր Վիկտոր Շեյնիսը: «ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով, համապատասխանել են միջազգային բոլոր չափորոշիչներին, եղել են բաց, թափանցիկ: Մենք այցելել ենք մի քանի տասնյակ տեղամասեր ԼՂՀ բոլոր շրջաններում եւ պետք է փաստենք, որ որեւէ տեղ դիտորդական առաքելության իրականացումը չի խոչընդոտվել: Մենք անարգել կարողացել ենք այցելել ցանկացած տեղամաս, ծանոթացել ենք փաստաթղթերին, արձանագրություններին: Մեր աշխատանքը չի խոչընդոտվել նաեւ ձայների հաշվարկի ժամանակ: Այս ընտրությունները համապատասխանում են այս տարվանից ուժի մեջ մտած ԼՂՀ Ընտրական բարեփոխված օրենսգրքի բոլոր դրույթներին»,- զեկույցն ընթերցեց Շեյնիսը: Ռուս խորհրդարանականը շեշտեց, որ որոշ տեղամասերում եղել են աննշան թերություններ, սակայն դրանք ավելի շատ տեխնիկական խնդիրներ են եւ բուն գործընթացի եւ արդյունքների վրա ազդեցություն չեն թողել:

Մայիսի 3-ին Արցախում վեցերորդ անգամ խորհրդարանի կազմ են ընտրել: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70,6 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում