Կիեւում բերման են ենթարկվել «ֆինանսական մայդանի» 12 մասնակիցներ

Կիեւում բերման են ենթարկվել «ֆինանսական մայդանի» 12 մասնակիցներ

Կիեւում «ֆինանսական մայդանի» մասնակիցների ձերբակալություններ են սկսվել, որոնք հանրահավաք են անցկացնում Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին հաղորդել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով բողոքի ակցիայի ակտիվիստներին:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ միլիցիայի բաժանմունք է բերվել 12 մարդ: Ինչպես պարզաբանել են իրավապահ մարմինների աշխատակիցները, հանրահավաքի մասնակիցները «ձերբակալված են ստուգման համար»:

Շուրջ 40 մարդ որոշել է գիշերն անցկացնել Գերագույն ռադայի շենքի մոտ: Բողոքավորները տուփերից ու վերմակներից տեղեր են սարքել գիշերելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն: Կոմունալ ծառայությունները ձեռնամուխ են եղել այրված անվադողների մնացորդների հավաքմանը, ընդ որում բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել տանել «ֆինանսական մայդանի» դրոշները եւ մետաղական տակառները:

Մայիսի 21-ին հանրահավաքի մասնակիցները փորձել են ներխուժել Գերագույն ռադայի շենք: Նրանցից ոմանք կենտրոնական մուտքի ուղղությամբ նետում էին փայտեր ու դատարկ շշեր: Բացի այդ, պիկետի մասնակիցները անվադողեր են այրել: Նրանց եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջեւ ընդհարումներ են տեղի ունեցել: Ինչպես հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը, բախումների ընթացքում վերքեր են ստացել «ֆինանսական մայդանի» երկու ներկայացուցիչներ, հոսպիտալացվել են չորս միլիցիոներներ:

Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ ակցիան սկսվել է մայիսի 21-ի ցերեկը: Դրա մասնակիցները պահանջում են ավանդատուներին վերադարձնել խնդրահարույց բանկերի միջոցները, ինչպես նաեւ հանդես են գալիս ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարեւայի պաշտոնաթողության օգտին: Գերագույն ռադայի պատերի մոտ, ինչպես նաեւ Ուկրաինայի ազգային բանկի մերձակայքում պիկետներ են անցկացվում արդեն մի քանի ամիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում