Լոս Անջելեսում պատարագ կմատուցվի հայերի, հույների եւ ասորիների Ցեղասպանության նահատակների հիշատակին

Լոս Անջելեսում պատարագ կմատուցվի հայերի, հույների եւ ասորիների Ցեղասպանության նահատակների հիշատակին

Լոս Անջելեսում կմատուցվի պատարագ` նվիրված մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների դեմ իրականացված ցեղասպանության նահատակների հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Massispost-ը, համատեղ պատարագը կկայանա օգոստոսի 4-ի երեկոյան ասորական սուրբ Մարի Փարիշ եկեղեցում: Արարողության ժամանակ ելույթներ կունենան Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, հայ առաքելական, ասորական եւ հունական եկեղեցու հոգեւոր հովիվները:

«Անընդունելի է, որ կատարվածից 100 տարի անց էլ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը շարունակում է մնալ չճանաչված եւ չդատապարտված: Դա վիրավորում է այն միլիոնավոր հոգիներին, ովքեր սպանվել են»,- հայտարարել է Լոս Անջելեսում ասորիների Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի նախագահ Էդմոնդ Բաթմալեկը` հավելելով, որ ասորիներն իրենց աջակցությունն են հայտնում հայ եւ հույն ժողովուրդներին, որոնք հսկայական աշխատանք են կատարել ընթացիկ տարվա ընթացքում, որպեսզի ցեղասպանության ճանաչման հարցը լինի միջազգային քաղաքականության օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում