Սիրիայի հարցով մոսկովյան բանակցությունների հաջորդ փուլը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերին

Սիրիայի հարցով մոսկովյան բանակցությունների հաջորդ փուլը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերին

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ մոսկովյան բանակցությունների հաջորդ փուլը սիրիական հարցի լուծման վերաբերյալ հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի Սիրիայի հարցով բանագնաց Ստեֆան դե Միստուրան, ինչպես նաև Ռ ուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները կմասնակցեն այդ բանակցություններին՝ ավելացնելով, որ հնարավոր է բանակցություններն ընթանան ոչ թե Մոսկվայում, այլ մեկ այլ վայրում:

Ապրիլին Սիրիայի կառավարական և ընդդիմության պատվիրակության անդամները Մոսկվայում բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ վերջնական փաստաթուղթ էին ընդունել: Փաստաթուղթը կազմված է տասը կետերից, որտեղ նշվել է սիրիական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը՝ ըստ Ժնևյան 2012թ. համաձայնագրի: Փաստաթղթում նաև նշվել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու և ահաբեկչությանն աջակցող երկրների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: Տասը կետերի մեջ ընդգրկվել է քաղաքական լուծման հասնելու անհրաժեշտությունը, որի միակ ուղին համարվել է սիրիացիների միջև առանց արտաքին միջամտության երկխոսությունը:

Մոսկվայում սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև առաջին փուլի հանդիպումներն ընթացել են հունվարի 26-ից 29-ը: Հանդիպումների ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «Մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում