«Հրապարակ». Տիգրան Խաչատրյանի կալանավորման առաջին իսկ օրվանից նրան տեղափոխել են բուժմաս

«Հրապարակ». Տիգրան Խաչատրյանի կալանավորման առաջին իսկ օրվանից նրան տեղափոխել են բուժմաս

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանքի տակ գտնվող որդին՝ Տիգրան Խաչատրյանը, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Մեզ տեղեկություններ են հասել, որ հենց կալանավորման առաջին օրվանից նրան տեղափոխել են բուժմաս: Հայտնի փաստ է, որ ՔԿՀ-ների բուժմասերում պայմանները շատ ավելի լավն են, քան սովորական խցերում: Եթե խցում կալանավորները շատ են, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ տեղ-տեղ անգամ մահճակալների թվից երկու անգամ ավելի, պայմանները՝ ոչ այնքան բարվոք, ապա բուժմասում հանգիստ վիճակ է, ամեն սենյակում՝ 2-3 հոգի, պայմաններն էլ՝ տանելի: Ավելորդ է անգամ հարցնել, թե ինչ առողջական խնդիրներ են առաջացել Տիգրան Խաչատրյանի մոտ անմիջապես կալանավորումից հետո, որ այդպես օպերատիվ տեղափոխել են բուժմաս: Ի դեպ, մարզպետի որդու վատ ինքնազգացողության մասին փաստաբանը հայտարարել է երեկ, մինչդեռ նա օրեր շարունակ գտնվում է բուժմասում, հավանաբար, այժմ էլ հող են պատրաստում, որ տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ եթե ստացվի՝ քաղաքացիական հիվանդանոց: Մարզպետը երեկ չպատասխանեց մեր զանգերին, իսկ նրա թիկնապահ-օգնական Զարզանդ Նիկողոսյանը Տիգրանի առողջական խնդիրների մասին մեր հարցերին ի պատասխան ասաց. «Ես Տիգրանի անկետան չեմ տեսել, չգիտեմ՝ ինքն առողջական խնդիրներ ունեցել է, թե չէ: Չեմ կարա ասեմ ինչ պրոբլեմ ունի»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում