«Շանթ 2015» զորավարժություն. Կապանի փոխքաղաքապետը մանրամասնում է օդային տագնապ սցենարի խաղարկումը

«Շանթ 2015» զորավարժություն. Կապանի փոխքաղաքապետը մանրամասնում է օդային տագնապ սցենարի խաղարկումը

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 5-ին Կապանում խաղարկվել է «Օդային տագնապ», որն ավարտվել է մեկ ժամ անց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը, քաղաքում 3 ուղղությամբ միացվել են ձայնային ազդանշանները հնչեցնող շչակները: ««Օդային տագնապ» ուսումնական ազդանշանը կազմակերպվել է պատշաճորեն, սցենարը խաղարկվել է բնական հունով, նախապես ամեն ինչ արվել էր, որ բնակիչները խուճապի չմատնվեն»,- ասաց փոխքաղաքապետը:

Մինչ այդ բնակիչները տեղական հեռուստաընկերություններով զգուշացվել էին, որ զորավարժություններ են ընթանում, որպեսզի հնարավոր ձայնային ազդանշաններից խուճապի չմատնվեն: Հատկապես պատերազմական գործողություններին մասնակցած սահմանամերձ Կապանի բնակիչները դեռ հիշում են իրական «Օդային տագնապներն» ու ռազմականն ինքնաթիռները քաղաքի երկնքում: Բնակչության հետ, քաղաքապետարանի հանձնարարությամբ, աշխատանք էին տարել նաեւ համատիրությությունների նախագահները, ճշտվել էին ապաստարանների տեղերը, դրանց ներկա վիճակը:

Զորավարժությունների ընթացքում շուրջօրյա հերթապահությամբ եւ հատուկ ռեժիմով են աշխատում Կապանի քաղաքապետարանն ու նրա ենթակայության բոլոր հաստատությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում