Ալիեւը խոստովանել է երկրի տնտեսության աղետալի վիճակը

Ալիեւը խոստովանել է երկրի տնտեսության աղետալի վիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է երկրի տնտեսության աղետալի վիճակը, համատարած կոռուպցիան եւ անօրինականությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը, այս մասին Ալիեւը խոսել է 2015 թվականի 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին եւ առաջիկա խնդիրներին նվիրված կառավարությունում անցկացված նիստում: Նա անգամ նշել է, որ Ադրբեջանում 30 հազար աշխատատեղեր փակվել են:

Ձախողված տնտեսական քաղաքականության պատճառով հունից դուրս եկած Ալիեւը չի կարողացել թաքցնել իր զայրույթը եւ հայտարարել է, թե «եթե կաշառակերություն, կոռուպցիա, ձեւական ստուգումներ եւ այլ ապօրինություն չլինեին, պետբյուջեն բավականին կաճեր»:

«Ինչքան կարելի է հանդուրժել: Արդեն բավական է, մեր համբերությունը հատել է: Յուրաքանրյուրը պետք է եզրակացություն անի, հակառակ դեպքում` կպատժվի», -ասել է նա:

«Ես պետք է նաեւ նշեմ, որ վերջին 9 ամիսներին փակվել են մոտ 30 հազար աշխատատատեղեր»,- հավելել է Ալիեւը:

Ադրբեջանի անկախացումից հետո հայր եւ որդի Ալիեւների վարած անհեռատես քաղաքականության պատճառով երկրի պետբյուջեն ամբողջությամբ կախված է էներգակիրների արտահանումից:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում