Սիրիական ընդդիմությունը ՀՕՊ է խնդրել ռուսական հարձակումները կանգնեցնելու համար

Սիրիական ընդդիմությունը ՀՕՊ է խնդրել ռուսական հարձակումները կանգնեցնելու համար

Չնայած այն բանի, որ սիրիական ընդդիմադիր ուժերը գտնվում են պաշարման մեջ և զինատեսակներով զիջում հակառակորդին, այնուամենայնիվ խոստանում են կանգնեցնել ռուսական հարձակումները: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian թերթը:

Անցել է արդեն 10 օր այն բանից, երբ ռուսական օդային ուժերը սկսեցին հարվածել Բաշար Ասադի դեմ պայքարող «Սիրիական ազատ բանակի» կողմնակիցներին: Կառավարական ուժերը, որոնք տարվա սկզբից սկսած ոչ մի էական հաջողության չէին հասել, այժմ հավակնում են գրավել ընդդիմադիրների կողմից վերահսկվող տարածքները:

Հակաասադյան ընդդիմության համար գլխավոր հարցը այսօր այն է, արդյո՞ք Արևմուտքը կտրամադրի իրեն անհրաժեշտ զինտեխնիկա՝ ռուսական օդային հարձակումների դեմ պայքարելու համար: Առայժմ այս հարցի պատասխանը ժխտական է, գրում է The Guardian-ը՝ հենվելով Լիվանում գտնվող ընդդիմության ուժերի իր աղբյուրին: Ամերիկացիները հակաօդային զինատեսակներ ընդդիմությանը չեն տրամադրել:

Ընդդիմադիր խմբավորումների կարծիքով, ՌԴ-ի ռազմավարությունը իրենց ոչնչացումն է՝ կառավարական ուժերին թողնելով ընդամենը մեկ թշնամի՝ ԻՊ-ին:

«Օգնությունը, որ ստանում ենք ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից և Քաթարից, մեզ է սողում կրիայի արագությամբ, այնինչ ռուսական օգնությունը Ասադին է հասնում եղնիկի արագությամբ», – ասել է թերթին տված հարցազրույցում ընդդիմադիր ուժերում կռվող զինյալներից մեկը:

Արևմտյան կոալիցիայում չկա մեկ ընդհանուր որոշում «Սիրիական ազատ բանակին» հակաօդային զինատեսակներ տրամադրելու հարցում: Թուրքիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ համաձայն են հակաօդային զիատեսակներ տրամադրելուն: Այնինչ ԱՄՆ հետևողականորեն մերժում է այս քայլը, վախենալով, որ այն կարող է օգտագործվել նաև Սիրիայի և այլ երկրների քաղաքացիական ավիացիայի ուղղությամբ:

«Քանի դեռ ռուսական կողմը կռվում է մեր դեմ ինքնաթիռներով, մենք հազիվ թե կարողանանք ինչ-որ բան անել: Մենք ցանկանում ենք, որ Սիրիայի ընկերները մեզ օգնեն հակաօդային համակարգերի հարցում»,- հաղորդում է The Guardian թերթը սիրիական ընդդիմության ցանկությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում