Զինված խումբն ընտրել էր հանցագործության կոնկրետ թիրախներ. քննվում է ԻՊ-ի հետ կապի վարկածը

Զինված խումբն ընտրել էր հանցագործության կոնկրետ թիրախներ. քննվում է ԻՊ-ի հետ կապի վարկածը

ԱԱԾ-ն ապաքաղաքական կառույց է, իսկ զինված հանցավոր խումբը որևէ կապ չի ունեցել հայաստանյան քաղաքական դեմքերի հետ, որոնց մասին շրջանառվում է մամուլում: Քննության օրակարգում է «Իսլամական պետության» հետ  խմբավորման կապի վարկածը` հաշվի առնելով  ղեկավար Արթուր Վարդանյանի Սիրիայում լինելու փաստը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, գնդապետ  Միքայել Համբարձումյանը` լրացնելով, որ այս պահին համապատասխան  աշխատանք և հարցումներ են իրականացվում` պարզելու, թե ինչ գործունեություն է ծավալել Վարդանյանը Սիրիայում:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա նախաքննությամբ պարզվել է, որ տասնյակ հազարավոր դոլարների հասնող  ֆինանսական միջոցները հանցավոր խմբավորումը ստացել է ՀՀ-ում, սակայն դեռ անհայտ է ծագման աղբյուրը, որը պարզման փուլում է: 

Ուժային կառույցի պաշտոնյան վստահեցրեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտված և վնասազերծված հանցավոր խումբն իր զինվածության մակարդակով, անդամների թվով, կազմակերպվածությամբ և ծրագրած հանցագործությունների վտանգավորությամբ ու  դաժանությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում:

Ինչպես տեղեկացվեց, խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար, եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերը և պարտականությունները: Ավելին` խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ` խմբի անդամների և գործունեությունը քողարկելու համար, այն է` բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ և վարել  հանցագործությունների կազմակերպման հետ կապված խոսակցություններ: Այնուամենայնիվ, հանցավոր խմբի գործունեությունը հայտնվել է  ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում և ծրագրված հրեշավոր հանցագործությունների իրագործումից օրեր առաջ  Երևան քաղաքի Նորք թաղամասում գտնվող առանձնատներից մեկում, որը վարձակալվել էր,  հաջողվել է խմբին վնասազերծել: 

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը տեղեկացրեց, որ զինված խումբն ունեցել է հանցագործության կոնկրետ թիրախներ` քաղաքացիներ, հասարակական, քաղաքական, պետական  գործիչներ,  իշխանության առանձին ճյուղեր և մարմիններ: Այդ բոլորի հանդեպ գործողությունների կապող օղակը եղել է և գաղափարական, և տնտեսական: 

Միքայել Համբարձումյանը զավեշտալի համարեց շրջանառվող այն խոսակցությունները, թե այս ամենը բեմականացում է կամ փորձ է արվում  այն կապել ինչ-ինչ քաղաքական պրոցեսների հետ. «Հավատացնում եմ, որ այն, ինչ տեսաք էկրաններով, և լսեցիք հաղորդագրություններով, դրանք ամբողջությամբ իրական են և համապատասխանում են եղելությանը»,-ասաց նա` ակնարկելով, որ եթե Հոկտեմբերի 27-ից առաջ Նաիրի Հունանյանի հանցախմբին վնասազերծեին, կլինեին  մարդիկ, որ դարձյալ նույնը կասեին:

Այս համատեքստում  Համբարձումյանն անհեթեթ համարեց այն, որ Հունանյանի դեպքում ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել, որովհետև  նա կապ է ունեցել ԱԱԾ-ի հետ: 

Ինչևէ, ներկա պահին վնասազերծված է հանցավոր խմբի 21 անդամ: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել բավարար ապացույցների համակցության հիման վրա և միջնորդություն է պատրաստվում, որ  նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառվի:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը խոստացավ  գործով  պարբերաբար տեղեկություն տրամադրել լրատվամիջոցներին և հասարակությանը, իհարկե, թույլատրելի սահմանում: Ի դեպ, Համբարձումյանը  չբացառեց, որ ազատության մեջ կարող են գտնվել հանցախմբի այլ անդամներ, ուստի անվտանգության ապահովման միջոցառումներ են իրականացվում մայրաքաղաքի տարբեր վայրերում` մետրոյում և այլն: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած  սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝ 6 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 4 հատ ԱԿՄ տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,1 հատ ”ՏՏ” տեսակի ատրճանակ,1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ, ինչպես նաև տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),1 հատ պայթեցման սարք,1 հատ հակատանկային բեկորային ական ”ՄՈՒՎ 50” և այլն: 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում