Բաքվում իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումները տեղափոխվում են շրջաններ

Բաքվում իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումները տեղափոխվում են շրջաններ

Բաքվի Նարդարան ավանում իսլամիստների եւ ոստիկանության միջեւ երեկ սկսված բախումները, որի ժամանակ 6 զոհ է գրանցվել, երկուսը` ոստիկան, բազմաթիվ մարդիկ վիրավորվել եւ 14 մարդ էլ ձերբակալվել են, սկսել է տեղափոխվել շրջաններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, virtualaz.org կայքը հայտնում է, որ Գյանջայում արմատական իսլամիստները զենք են բարձրացրել եւ նռնակով հարվածել ոստիկանին:

Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Գյանջայում ձերբակալվել է երեկ Նարդարանում ձերբակալված շիա իսլամիստների առաջնորդ Թալե Բաղըրզադեի կողմնակիցներից Ռուզի Իսմայիլովը: Նարդարանում «Մուսուլմանների շարժում» կազմակերպության ձերբակալված անդամներին աջակցության նպատակով Ռուզի Իսմայիլովն ու իր համախոհները ժամանել են «Շահ Աբբաս» մզկիթ եւ լոզունգներ հնչեցրել ի պաշտպանություն շարժման մասնակիցների:

Ձերբակալության փորձի ժամանակ Ռուզի Իսմայիլովը հարձակվել է ոստիկանության մայոր Օգթայ Օրուջեւի վրա եւ փորձել նռնակ պայթեցնել` հարվածելով մայորի գլխին:

Մի այլ իսլամիստ` Սաբիր Ալիեւը քաղաքի կենտրոնում սկսել է քարոզչություն կատարել «Մուսուլմանների շարժում» կազմակերպության օգտին:

Երկու արմատական իսլամիստներն էլ ձերբակալվել են: Նրանց մոտ հայտնաբերվել են TT տեսակի ատրճանակ, փամփուշտներ եւ նռնակներ:

Երեկ կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիաական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով` ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին եւ եւս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 4 բնակիչ սպանվել են:

Նարդարան ավանի մուտքերը արգելափակվել են ՆԳՆ ներքին զորքերի պահակակետերով: Ավանի կենտրոնում ամբողջ գիշեր հավաքված են եղել հարյուրավոր մարդիկ: Նրանք խարույկներ են վառել եւ կրոնական երգեր երգել:

Նրանք հայտարարել են, որ եթե 24 ժամվա ընթացքում իրավապահներն ազատ չարձակեն Ադրբեջանի շիաների առաջնորդի գլխավորությամբ ձերբակալված իրենց բոլոր ընկերներին, ապա շարունակելու են պայքարել:

Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաստատվել է, որ Թալե Բաղըրովը, Էլման Աղաեւը, Զուլֆուգար Միքայիլովը եւ Աբուլֆազ Բունյաթովը ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նորմեր մտցնել: Այդ նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում: Նրանք սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով», -ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպման եւ բնակչությանը թռուցիկներ բաժանելու հարցեր: Բացի այդ, որոշվել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում