Արման Սաղաթելյան. «Առաջարկվող նախագիծը պաշտպանական ոլորտի համար ամենաողջամիտ և տրամաբանական մոդելն է»

Արման Սաղաթելյան. «Առաջարկվող նախագիծը պաշտպանական ոլորտի համար ամենաողջամիտ և տրամաբանական մոդելն է»

Նախագահ, գյուղապետ այլևս չեք ընտրելու, ինչը շատ սխալ է: Աշխարհի պրակտիկան ցույց է տալիս, որ պիտի լինի երկու մանդատ` Նախագահ և ԱԺ, առաջարկվող կայուն մեծամասնության պրակտիկա գոյություն չունի: Սահմանադրական բարեփոխումները վտանգավոր խաղ է պետության հետ կամ դեմ, իսկ նպատակը` վերարտադրությունը: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում  Սահմանադրություն փոխելու խոստում չի եղել: Այսօր «Այո և ոչ» քարոզարշավի շրջանակում Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում հայտարարեց  «ոչ»-ի կողմնակից Հրանտ Բագրատյանը: 

Ինչին ի պատասխան «այո»-ից Հայաստանի PR ասոցացիայի նախագահ Արման Սաղաթելյանը հակադարձեց, թե Ադրբեջանն ավելի շատ ընտրությունների առիթներ ունի, բայց Գերմանիայից ավելի ժողովրդավար չէ, որն ընտրությունների քանակով զիջում է: 

Նա շեշտեց, որ Նոր սահմանադրությունը մեկ անձի կամ կուսակցության համար չէ, այլ, որ այլևս չլինի այնպես, երբ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը` ոչինչ ու հետո քաղաքական փոքրամասնությունը կանգնում է ամբիոնի մոտ և ասում, թե «չար իշխանությունը սաղ իր վրա վերցրեց, ուստի նախընտրական ծրագրերն իրականացնելու համար իշխանություն չունի»:

Սաղաթելյանն անդրադարձավ նաև պաշտպանական ոլորտի հետ կապված շրջանառվող ռիսկերին` պնդելով, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրված նախագծի ընդունման դեպքում վերանալու են երկրի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր են գործող համակարգում:

«Պաշտպանական ոլորտի համար ամենաողջամիտ և տրամաբանական մոդելն է, քանի որ որոշումների կայացման ապահովումը մեկ մարմնում է՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից է նախագահը, որ կուսակցությունն է խորհրդարանում մեծամասնություն, ով է նշանակել վարչապետին: Ներկայում անվտանգության առումով լուրջ խնդիր կարող է առաջանալ, եթե հանկարծ ստացվի այնպես, որ նախագահն ու խորհրդարանի մեծամասնությունը լինեն հակառակ թևերի ներկայացուցիչներ, ուստի առաջարկում ենք վերացնել վտանգը, որպեսզի պաշտպանական ոլորտը համակարգելու առումով  հակասություններ չունենանք»,-շեշտեց նա` հավելելով, որ ռազմական հեղաշրջումները 8.5 անգամ ավելի շատ են նախագահական ու կիսանախագահական, քան խորհրդարանական երկրներում:

«Ոչ»-ական Ազատ Արշակյանն էլ հիշեցրեց իշխանության խոստումները. «Ոչ թե ժողովրդի ունեցվածքն է կրկնապատկվել այս տարիներին, ինչպես խոստացել էին, այլ աղքատությունը` 25-ից 50 տոկոս: Խաբել են մեզ»։

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ  նկատեց, որ բանկային խաղեր են խաղում, այսինքն` գների համար պատասխան է տալիս ԿԲ-ը, ինչն անհեթեթ է,  քանի որ արտադրության կառուցվածքի գործոնը ևս պիտի հաշվի առնել.«Ինչքան պոմիդոր ունես ու ինչքան փող կա գրպանում, բայց իրանք ասում են մենակ, թե  ինչքան փող կա, բացառիկ իրավունք ԿԲ-ին գները կայունացնելու, սա կրճատում է փողի զանգվածը»:

Այստեղ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը միջամտեց, թե մոնոպոլիաների կարգավորումը միայն ԿԲ-ի հսկողության տակ չէ, այլ նաև անկախ մարմինների. «Ամերիկա ես հայտնաբերում»:

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում