Էրդողանը հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ ԻՊ-ի հետ կապն ապացուցվելու դեպքում

Էրդողանը հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ ԻՊ-ի հետ կապն ապացուցվելու դեպքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ պաշտոնական Անկարան ԻՊ-ից ապօրինի ճանապարհներով նավթ է գնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է Փարիզում՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության, թե Թուրքիան ռուսական ինքնաթիռը խոցել է ԻՊ-ից ապօրինի նավթ գնելու համար: «Եթե դա ապացուցվի, ապա ես այս պաշտոնում այլևս չեմ մնա, սակայն հարցնում եմ պարոն Պուտինին՝ արդյոք դու կմնա՞ս քո պաշտոնում: Ես բացահայտ այժմ խոսում եմ այս մասին: Այսօր որոշ առաջնորդների հետ էլ եմ քննարկել այս հարցը: Փոքր-ինչ համբերատար լինենք, զգացմունքայնությամբ չգործենք: Նրանց «փեշերին որքան քար կա, թող թափեն, դրանից հետո եթե մենք էլ հավաքված քարեր ունենանք, մենք էլ կսկսենք թափել»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ իրենք ահաբեկչական կազմակերպության հետ նավթի առքուվաճառքով չեն զբաղվում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարություն էր արել՝ ասելով, թե թուրքական կողմը խոցել է ռուսական Սու-24 ինքնաթիռն ահաբեկչական ԻՊ-ից նավթի ներմուծման անվտանգությունն ապահովելու նպատակով: Նա նաև հիշեցրել էր, որ Ռուսաստանում կռված ահաբեկիչներն այժմ հայտնվում են Թուրքիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում