Ադրբեջանը ներքին զորքեր է մտցրել խռովարար Նարդարան

Ադրբեջանը ներքին զորքեր է մտցրել խռովարար Նարդարան

Ադրբեջանի ՆԳՆ-ն ներքին զորքեր է մտցրել Բաքվից մոտ 30 կմ դեպի հյուսիս գտնվող Նարդարան ավան, որը համարվում է ադրբեջանցի շիաների կենտրոնը, եւ որտեղ վերջին երկու օրերին արյունալի բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ շիա հավատացյալների միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, Նարդարան ավանը բոլոր կողմերից շրջապատված է իրավապահ մարմինների կողմից, ներքին զորքերի զինվորները պարեկություն են անում ավանի բոլոր փոողցներում: Ավանի շուրջ հատուկ ռազմական տեխնիկա է տեղակայվել:

Նարդարանի բնակիչ Նաթիգ Քերիմովը «Թրենդ»-ին հայտնել է, որ ներկայում ավանից ոչ մեկին թույլ չի տրվում դուրս գալ:

«Ներկայում ավանում են գտնվում ներքին զորքերի, ՆԳՆ-ի աշախատակիցներն ու ոստիկանությունը: Ոչ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ տանից, դրսի հետ կապ չունենք, անջատվել է նաեւ հեռախոսակապը:

Նշվում է, որ Նարադրան ներքին զորքեր մտցվելու պատճառը բնակիչների կողմից Մաշտաղա-Նարդարան մայրուղին փակելն է: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել նախօրեին ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանված 5 բնակիչների դիակները:

Նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեին եւ եւս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Գյանջայում, Լենքորանում եւ այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաստատվել է, որ Թալե Բաղըրովը, Էլման Աղաեւը, Զուլֆուգար Միքայիլովը եւ Աբուլֆազ Բունյաթովը ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նորմեր մտցնել: Այդ նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում: Նրանք սկսել են կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով ու պայթուցիկ նյութերով», -ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում եւ թռուցիկներ բաժանել բնակչությանը: Որոշվել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էին նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում