Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Հռոմի Պապի քայլն անբեկանելի է. Ռուբեն Սաֆրաստյան

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Հռոմի Պապի քայլն անբեկանելի է. Ռուբեն Սաֆրաստյան

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված 2015 թվականին այն, ինչ արեց Հռոմի պապը, անբեկանելի է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Թուրքիայի տարածած այն հայտարարությանը, թե Վատիկանը փոխել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված:

«Ես սա դիտարկում եմ որպես Թուրքիայի դիվանագիտական խորամանկ քայլ: Դեռևս պետք է սպասել, տեսնել, թե ինչ ընթացք կստանա այս գործընթացը: Կարծում եմ, որ այս խնդրին պետք է շատ զգույշ մոտենալ, քանի որ հիշում ենք, թե անցած տարի ինչ մեծ քայլ կատարվեց Հռոմի պապի կողմից: Դեռևս պետք է սպասել, նոր հստակ պատկերացում կազմել: Այն քայլը, որ անցյալ տարի կատարվեց Հռոմի պապի կողմից, անբեկանելի է»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Հարցին, թե արդյոք Վատիկանը պե՞տք է արձագանքի, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ դա Վատիկանի որոշելիքն է:

Թուրքագետը նշեց, որ Վատիկանի արխիվները փաստում են, որ 1915 թվականը եղել է ցեղասպանություն:«Վատիկանի արխիվները ուսումնասիրվում են պատմաբանների կողմից: Կարևոր փաստաթղթեր հրապարակվել են, առավել կարևորները պատրաստվում են հրապարակվել: Գերմանացի հետազոտողներից մեկի կողմից ուսումնասիրվեցին կարևոր փաստաթղթեր ու ներկայացվեցին: Այդտեղ հստակ ցույց է տրվում, որ Օսմանյան Թուրքիայի  կառավարութան  նախապատրաստած ծրագրի հիման վրա իրականացվել են զանգվածային սպանություններ: Չեմ կարծում, որ ինչ-որ թուրք պատմաբան այնտեղ կկարողանա ինչ-որ բան գտնել` թուրքական կեղծիքները հաստատելու համար»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Փետրվարի 4-ին թուրքական իշխանությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե Վատիկանը ետքայլ է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլյան ուղերձից ամբողջությամբ: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում էր կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Փետրվարի 3-ի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել հետ ուղարկել Վատիկանի իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով կանչվել էր Անկարա Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին անցկացված պատարագից հետո:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որի ընթացքում Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն անվանեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում